«Առավոտի» զրուցակիցն է Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։
– Պարոն Ավանեսյան, Բաքուն վերջին օրերին պահանջներ է ներկայացնում, որ Հայաստանի իշխանությունները պետք է տվյալներ տրամադրեն 90-ականներին անհետ կորած ադրբեջանցիների մասին, ինչպես նաեւ պահանջում են, որ Հայաստանը հետաքննի եւ պատժի բոլոր «ռազմական հանցագործներին»։ Արցախյան բոլոր պատերազմների, նաեւ ՀՀ տարածքում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը ռազմական ծանր հանցագործություններ է իրականացրել։ Հիմա ստացվում է, հայկական կողմն այդ մասին չի խոսում, փոխարենն Ալիեւն է նման պահանջներ ներկայացնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
– Այդպես է, երբ Հայաստանի իշխանություններն այդ հարցերը չեն դնում, իրենք են դնում։ Փաստորեն գողական բառապաշարով ասած՝ «աբառոտկա են ֆռում»։ Մերոնք այդ հնարավորությունները չեն օգտագործել տասնյակ տարիներ, ադրբեջանցիներն էլ գիտեն, որ վաղ թե ուշ պիտի դրա պատասխանը տան, իրենք առաջինն են նախաձեռնում ու ասում, որ հետո հայկական կողմն ընդամենը արդարացումներ ներկայացնի։ Հայկական կողմը շատ պասիվ է քաղաքականության մեջ։ Մենք պետք է հասկանանք, թե Ադրբեջանն ինչ պետություն է, ադրբեջանցների ինքնությունը հայերի նկատմամբ ատելության վրա է կառուցված։ Հիմա, երբ հետ ենք նայում, հիշում ենք, թե ոնց էին ժամանակին սարկազմով վերաբերվում ոչմիթիզականներին, վիրավորական արտահայտություն էին անում մարդկանց հասեցին, ովքեր ասում, էին՝ չի կարելի հողերը զիջել։ Հիմա պարզվում է, որ իրոք ոչմիթիզականները ճիշտ էին, որովհետեւ Ադրբեջանը ոչ մի անգամ կանգ չի առնելու, որովհետեւ Ադրբեջանն ինքնուրույն չի անում սա։ Ադրբեջանը նախ եւ առաջ Ռուսաստանի գործիքն է, իսկ Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ խաղաղության պայմանագիր լինի։ Հիշո՞ւմ եք, 1990-ականներին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ասաց՝ «պատերազմ, թե խաղաղություն», հենց ինքն էլ հիմք դրեց այդ կեղծ օրակարգին։ Ադրբեջանի հետ անհնար է խաղաղության պայմանագիր, մենք պիտի ուժեղ լինենք, որ Ադրբեջանը չկարողանա որեւէ բան անել։ Այդ ուժը մենք ունեցել ենք. 1990-ականներից մինչեւ 2006-2007թթ. Հայաստանը Ադրբեջանի հետ ուժի բալանսը պահվում էր, չէին կարողանում որեւէ բան անել։
Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ամեն տեղ ֆիքսված են, ընդամենը պետք է արխիվներից հանել ու քաղաքականության մեջ օգտագործել։ Սումգայիթի ջարդերից սկսած մինչեւ 44-օրյա պատերազմ, 2022 թվականի Ջերմուկի, Սոթքի դեպքեր, 2023 թվականի Արցախի բռնի տեղահանություն, Ադրբեջանի բոլոր հանցագործությունները փաստագրված են։ Ընդամենը դա պետք է օգտագործել քաղաքականության մեջ։ Այնինչ, տեղի ունեցածի 10 տոկոսն էլ չի օգտագործվում քաղաքականության մեջ։
Կարդացեք նաև
-Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հայց ներկայացներ Հաագայի քրեական դատարան, բայց նման գործընթաց չկա։ Ինչպե՞ս եք սա գնահատում։
-Հիշում եմ, որ նույնիսկ կարծիքներ կային, որ Ադրբեջանն է Հռոմի ստատուտն օգտագործելու Հայաստանի դեմ։ Եվ պարզվում է, որ այդպես է։ Ադրբեջանը միացած չէ Հռոմի ստատուտին, իր համար դա ոչինչ է։ Բայց Հայաստանը մոտ մեկ տարի է՝ միացել է ստատուտին, ՀՀ իշխանություններն ի՞նչ են արել։ Ընդհակառակը, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ հայցեր չեն ներկայացնելու միջազգային դատարան։
Տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց անձնական խնդիրներն ունեն Ադրբեջանի հետ, որոնք ազգի վրա են անդրադառնում։ Թե Ադրբեջանն ինչով է շանտաժ անում գործող իշխանություններին, մեզ համար պարզ չէ, թեկուզ եւ կարելի է վարկածներ ունենալ: Բայց տպավորություն է, որ անձնական ճնշումն անդրադառնում է մեր ազգի վիճակի ու պետության վրա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.10.2024