«Պարեկային ծառայության պետը մեկնաբանեց․ կա նախաձեռնված քրեական վարույթ»,-ՍԴ-ի առաջ իրականացվող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հարցին մայիսի 30-ին Հանրապետության հրապարակից ցույցի մասնակցող քաղաքացիների՝ հատուկ պահվող տարածք տարված մեքենաներն ի՞նչ ժամկետներում պետք է վերադարձվեն նրանց, այսպես պատասխանեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է հատուկ եք տարել այդ մեքենաները, որ ճնշում գործադրեք, վախեցնեք քաղաքացիներին, Վարդան Վարդանյանը պատասխանեց՝ ո՞նց կլինի տենց բան։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հակադարձեց․ «Տարել են այդ մարդկանց ճնշելու համար։ Եթե ես սուտ ասած լինեմ, ես ներողություն կխնդրեմ․ իմ աչքի առաջ է եղել»։
Լրագրողները, կրկին դիմելով ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալին, հարցրին՝ մեքենաները տանում եք, որ մարդիկ ճանապարհ չփակե՞ն։ Նա պատասխանեց․ «Գիտեք՝ օրը քանի ավտո է գնում տուգանային հրապարակ»։
Կարդացեք նաև
Լրագրողներն այս առիթով հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մգեցված ապակիներով Լեքսուսն ինչո՞ւ չեն տանում տուգանային հրապարակ, Վարդան Վարդանյանը պատասխանեց․ «Պարեկային ծառայության պետը ես չեմ»։
Հարցին՝ անձամբ տեսե՞լ եք Աննա Հակոբյանի՝ մգեցված ապակիներով Լեքսուսը, ոստիկանության պետի տեղակալը պատասխանեց․ «Ես անձամբ չեմ տեսել»։ Լրագրողները միջամտեցին՝ ձեր պարեկները նույնիսկ ուղեկցում են, ոստիկանության պետի տեղակալը կրկին ասաց՝ անձամբ ես չեմ տեսել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ