«Մեր հարկերով սնվող դատավորները մեզ համար որոշումներ են կայացնում՝ ըստ իրենց ծառայամտության»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) առջև հայտարարեց Բագրատ սրբազանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բագրատ սրբազանի աջակիցները ՍԴ-ի առաջ անհնազանդության ակցիա իրականացրին՝ գոչելով հայրենիք ու պատիվ, Բաղրամյան պողոտան ծխածածկույթով պատելով։ Երիտասարդները մայթին գրառումներ են կատարել՝ «դատավոր եք, թե՝ ծառա եք․ ընտրություն կատարեք»։
Նախապես կանխատեսելով իրենց հասցեին հնչելիք քննադատությունները՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Վաղն ասելու են՝ բա դա ի՞նչ անելու բան էր, գնացիք, վիրավորեցիք դատավորներին։ Հիշեք՝ ով է դատավորներին վիրավորել՝ վնգստացողներ անվանելով նրանց։ Անցյալ օրն ինձ ասում են՝ ոստիկանապետին ինչո՞ւ ես վիրավորել։ Իրեն լավ չի պահել, ասել եմ, բայց ո՞վ էր ասում՝ ասֆալտին եմ փռելու, պատերին եմ ծեփելու, ո՞վ էր ասում էս երկրում։ Ո՞վ է բերել, մտցրել այդ խուլիգանությունը։ Ո՞վ էր ինչ-որ բաներ թափ տալիս խորհրդարանի ամբիոնից ուղղակի ամենավերջին խուլիգանի պես։ Սրանից հարցրեք ձեր սիրելի վարչապետին»։
Կարդացեք նաև
Ցույց տալով երիտասարդների կողմից ՍԴ-ի շենքի դիմաց՝ մայթին գրվածը՝ «դատավո՞ր եք, թե՝ ծառա եք․ ընտրություն կատարեք», Բագրատ սրբազանն ասաց․ «Թող դատավորներն առավոտյան գան, տեսնեն, հասկանան ու իրենք իրենց հարց տան՝ իրենց խղճին և եթե Աստված ունեն, իրենց Աստծուն»։
Բագրատ սրբազանը տեղեկացրեց՝ չորեքշաբթի՝ ժամը 12։00-ին լինելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ․ «Մեր իրավական թիմն աշխատել է մանրակրկիտ կերպով և քայլ առ քայլ այդ բոլոր օջախների նկատմամբ ներկայացվելու են գործեր»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարծում եք դատախազն ընթացք կտա՞, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Գրիգոր Մինասյանի ճակատագիրը տեսե՞լ եք․ բոլորին նույն ճակատագիրն է սպասվում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ