«Մենք չենք եկել ո՛չ շենք տեսնելու, ո՛չ շենքով հիանալու, ո՛չ էլ որևէ դատարկ շենքով այսպես ասած ինքներս մեզ խաբելու»,-Սահմանադրական դատարանի (ՍԴ) առաջ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բագրատ սրբազանի աջակիցները ՍԴ-ի առաջ անհնազանդության ակցիա իրականացրին՝ գոչելով հայրենիք ու պատիվ, Բաղրամյան պողոտան ծխածածկույթով պատելով։ Երիտասարդները մայթին գրառումներ են կատարել՝ «դատավոր եք, թե՝ ծառա եք․ ընտրություն կատարեք»։
Բագրատ սրբազանը նաև ասաց, որ իրենց նպատակն է լայն իմաստով իրազեկում ապահովել․ «Մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է տեղի ունեցել, որ օրեր առաջ ՍԴ-ն հանցանք է գործել լայն իմաստով։ Այն մարդիկ, որոնց նկարներն այստեղ բարձրացված են ՍԴ դատարանի նախագահի գլխավորությամբ, մենք ամոթի ու պարսավանքի այս ինստիտուտը պետք է վերականգնենք մեր հանրային կյանքում և ցույց տանք, որ ամեն գործված հանցանք անպատասխան չի անցնելու, քանի որ բոլոր այդ որոշումները կապված են մեր պետականության ու կյանքի հետ ուղղակիորեն»։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը նաև ասաց՝ եկել են՝ իմանալով հանդերձ, որ թերևս ՍԴ-ի դատավորներն այդքան ռիսկ չեն անի այստեղ գալու․ «Միայն տղամարդկություն կունենան իրենց գրասենյակներում մեր կյանքի վրա ազդող որոշումներ կայացնելու, միգուցե նաև հանկարծ ռիսկ, պատասխանատվության զգացում առաջանա հայտնվելու իրենց ժողովրդի առաջ և ներկայացնելու՝ ինչպես ասել է՝ Արման Դիլանյանը, իր խղճի հետ հաշտ է, թող գա։ Եթե Արման Դիլանյանն իր խղճի առաջ հաշտ է, թող գա իր խղճի հաշտությունը ներկայացնի։ Չեմ կարծում, որ որևէ հանցագործ ինքն իր խղճի հետ հաշտ չէ։ ՍԴ նախագահը թող գա, ներկայացնի՝ ինչ միտումներով, էդ որոշումներն ինչպես են կայացվել և փորձի արդարանալ և միգուցե ճիշտ է արել, մենք տեղյակ չենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ