Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցյալ օրվա խոսքս ծանր է նստել որոշ գործարարների համար»․ Բագրատ սրբազան

Հոկտեմբեր 06,2024 20:36

«Ես հարցազրույցի հրավիրված չեմ եղել, որ գնամ հարցազրույցի։ Մենք խնդիր ենք դրել Հանրայինի ուղիղ եթերով ելույթ ունենալ, այդ խնդիրը կատարել ենք։ Պահանջել ենք ուղիղ եթեր, և ձեր ճնշման արդյունքում այդ պահանջը իրականացվել է։ Մնացած բոլորը դատարկախոսություն է և բարբաջանքներ»,- Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Հանրայինի եթերում կատարվածին և դրանից հետո իր հասցեին հնչած քննադատություններին։

Այս առիթով Բագրատ սրբազանն ասաց․ «Չորս կողմից ոտքի ելան ու հազար ու մի բաներ ասացին՝ էս հարցին լավ չպատասխանեց, մյուսին լավ պատասխանեց, դիմացի մարդուն՝ Պետրոս Ղազարյանին լավ տեղը չդրեց կամ դրեց։ Դրանք երկրորդական են։ Խնդիրը դուք դրել եք, պահանջել եք ուղիղ եթեր և դա իրականացրել եք՝ անկախ՝ ինչպիսի ոստիկանական շարքեր, շարասյուներ կային, ճնշումներ, անկախ, թե ինչպիսի վարք է դրսևորել ոստիկանապետը»։

Նա վստահեցրեց՝ այս պայքարը ոչ ընդդիմության, ոչ էլ ընդդիմադիր պայքար է․ «Սա բոլորինն է, անգույն՝ բոլոր գույներով։ Հարգանքով եմ վերաբերվում բոլորին՝ անկախ նրանց քննադատություններից, մտահոգություններից, որոնք ազնիվ կերպով են կատարվում, չեմ էլ չափում ազնվությունը։ Իսկ բոլոր նրանց, որոնք չարամտորեն իրենց հանկարծ դուրս դրված են զգացել այս ամբողջ իրականությունից կամ թաքնված սատարում են այս իշխանություններին՝ որոշ խմբեր ու դերակատարներ, դարձյալ բարեմտորեն չեմ արձագանքել և թերևս չարձագանքեմ ձեզ՝ հարգելի քաղաքական դաշտում գործողներ՝ չարամտորեն գործողներ։ Չեմ արձագանքելու ձեր ամենանողկալի հայտարարություններին։ Դուք ձեր ազնվությունը, հավակնությունները խեղճությունը գնահատեք՝ համեմատելով ձեր հավակնությունների հետ։ Եվ այդպիսով որոշեք, թե որ դաշտում եք գործող՝ անձնական, խմբակային տիրույթում, թե հայրենիքի ազատագրության»։

Գործարարների մասին էլ Բագրատ սրբազանն ասաց․ «Անցյալ օրվա խոսքս ծանր է նստել որոշ գործարարների համար։ Չի կարող հայկական պետություն գոյություն ունենալ առանց հայկական ազգային անկաշկանդ, ազատ և անվախ գործարարության։ Եվ չի կարող ազգային հայկական անվախ, անկաշկանդ գործարարություն լինել առանց ազգային հայկական պետականության։ Հիմա ես հարց եմ տալիս՝ Արցախում կա՞ հայկական ազգային գործարարություն, հսկայական ներդրումներ կատարված, որոնք ուղղակիորեն փոշիացվել են այս չարիքի կողմից՝ հանձնելով մեր թշնամիներին։ Եթե ծանր է նստել խոսքս, վիրավորվել եք, ինքներդ ձեր մեջ, ակումբներում խոսել եք, ձեր իմանալիքն է, մերը՝ չէ։ Ձեզ մնում է միայն շրջվել երեսով դեպի այն ժողովուրդը, որից օգտվել ու օգտվում եք»։

Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ կլինենք մենք հրապարակում այնքան, որքան պահանջված է․ «Այն տեսքով, որ մայիսի 9-նն էլ, մայիսի 26-ն էլ, մայիսի 12-ն էլ, հունիսի 9-նն էլ կլինի մեր հաղթանակը։ Մենք դիտորդներին, խորհուրդ, ցուցում տվողներին էլ ենք հրավիրում մասնակցելու այդ բոլորին։ Երբ այս հրապարակը կլինի ողողված հայրենատեր մարդկանցով, որոնք այստեղ գտնվել են և մի քանի անգամ, այո, խոստանում եմ՝ կիրականանա այն, ինչ ցանկանում եք ի շահ մեր պետության, ի շահ մեր հաղթանակների»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031