«Այս իշխանությունը և նրա գլխավորը ցանկանում է, որ բոլորդ հանցակից դառնաք։ ՍԴ, դատախազություն, իրավապահ համակարգ, ոստիկանություն, բոլորդ՝ հնարավոր և անհնար օղակներ, անհատներ, նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն և անդամներ, բոլորիդ այս մարդը ցանկանում է իր բոլոր հանցանքներին հանցակից դարձնել, որ վաղն ասի՝ ինքը մենակ չի արել դա։ Մեր խնդիրն է նաև ձեզ ազատագրել՝ հանցակից չդառնալով»,- Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա հայտնեց, որ հանրահավաքից հետո գնալու են Սահմանադրական դատարան և այսօր գործող ու նախկինում գործած ՍԴ դատավորներին դիմելով՝ ասաց․ «Բոլորին հրավիրում եմ դատարանի առջև։ Վստահաբար կլինեն նախկինից գործողներ, որոնք ներկա կլինեն, այսօր էլ բոլոր ՍԴ դատավորներ, ձեր անուններով, ազգանուններով, թաքուն որոշումներով եկեք և ձեր ժողովրդի այս հատվածին ու մնացած բոլորին ներկայացրեք, թե ինչ եք արել, որն է լինելու ձեր հաջորդ քայլը, թե ինչպես եք նվիրվել այս չարիքին կործանելու մեր պետականությունը։ Հրավիրում եմ բոլորիդ, կգաք, կխոսենք, շատ լավ, չեք գա, մենք կգանք։ Ձեզ դադար չի տրվելու թե′ պախարակումից, թե′ ամոթանքից։ Դրանք կլինեն տարբեր եղանակներով ու կերպերով։ ՍԴ-ի առաջ կհայտարարեմ, թե մի երկու օրից հետո ինչ ենք անելու ի շարունակություն այն տրամաբանության, որ այսօր գործելու ենք։ Այս ընթացքն անընդհատ շարունակություն է ունենալու»։
Բագրատ սրբազանը շատ փակագծեր չբացեց, միայն ասաց, որ չորեքշաբթի կեսօրին կունենան հաջորդական քայլեր, հետո ուրիշ քայլեր․ «Աստիճանաբար այս մարդկանց դարձնելու ենք հանրային սեփականություն։ Պետք է այդ ծանրությունը զգան իրենց ուսերին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ