«Այս իշխանությունն ի սկզբանե տարված է կա՛մ հանցագործ անտարբերությամբ, կա՛մ անտարբեր հանցագործությամբ, և դա շատ բնական է»,- հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Լրագրողները հիշեցրին՝ ադրբեջանական կողմից կոչ են արել ՀՀ-ին կամ գնալ հարաբերությունների կարգավորման, կամ պատրաստվել առճակատման բոլոր ոլորտներում, նա արձագանքեց․ «Հարաբերությունների կարգավորման գնալն իրենց պարտադրանքով ու թելադրանքով է լինելու։ Այն, ինչ ՍԴ-ն արեց, դեռ առաջին պտուղներն են այն վարվող չքաղաքականության, որ գոյություն ունի, որի արդյունքում մենք միայն հարկադրանքների ու սպառնալիքների ենք ենթարկվում»։
Լրագրողները Բագրատ սրբազանին հիշեցրին՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քննադատել է իրեն և ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներին, այս առիթով նա արձագանքեց․ «Ես նախ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է, մենթորն է։ Եվ ես մեծ երախտիքով եմ վերաբերվում նրան և շարունակում եմ վերաբերվել։ Մի խնդրանք ու հորդոր բոլորին՝ անկախ նրանից կհամաձայնվեն սրբազանի ասածներին, թե՝ ոչ, հորդորում եմ բոլորին դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք, անարգանք անձնապես ընդունում եմ՝ որպես ինձ ուղղված՝ որքան էլ գաղափարներով, մարտավարությամբ, ընկալումներով տարբեր լինենք։ Մենք չենք կարող նմանվել այն մարդկանց, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում թե′ վիրավորել, թե անարգել, թե′ ամենավերջին լուտանքներն են թափել որևէ հոգևորականի հասցեին՝ ի մասնավոր իմ հասցեին։ Մենք նրանց նմանվել չենք կարող»։
Հարցին՝ Դուք այդ տեսակետը կիսո՞ւմ եք, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ինձ ավելի ու ավելի շատ նշածս տիրույթն է հետաքրքրում, քան սրբազանի ասածները։ Այս պայքարի ողջ բովանդակությունը դրա մասին է եղել։ Ինչքան էլ լինեն գաղափարական, մարտավարական տարբերություններ, դրանք չեն կարող անցնել սահմանն անձնական վիրավորանքների։ Սա անընդունելի է։ Թե Մայր Աթոռի, թե′ եկեղեցու, թե′ որևէ հոգևորականի հասցեին արված որևէ վիրավորանք, անարգանք ընդունում եմ անձնապես՝ որպես ինձ ասված։ Դա դատապարտելի է։ Միքայել սրբազանը ոչ միայն այս պայքարի, այլև դրանից առաջ մշտապես եղել է ամենածայրաստիճան քննադատող գործող իշխանությունների գործած չարիքների նկատմամբ։ Իր հետ տարբեր առիթներով խոսել, եմ ընդհանուր պատկերը ներկայացրել․ ներսից այլ բան է, դրսից՝ այլ, մարդիկ գնում, չարախոսում են։ Խնդիրը մոտեցման հարցում է։ Այս պայքարը ներառական է, և գաղտնիք չէ բոլորիս համար էլ, որ մենք մի թիրախ ունենք այսօր։ Ես անձնապես բոլոր նախագահների ժամանակ և իրենց էլ ասել եմ այս մասին, ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, դեռ առաջին նախագահի օրերից, երկրորդ, երրորդ նախագահներին էլ եմ ասել։ Այդ ժամանակահատվածի սխալների, թերությունների վերաբերյալ խոսել եմ։ Բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրույթում, հիմա ապրում ենք ողբերգության մեջ։ Այդ ժամանակ ազատ Արցախ ենք ունեցել, անվտանգության բարձրագույն աստիճանի վրա ենք եղել, մեր խնդիրները մեր տան միջի խնդիրներ են եղել։ Անկախ, թե մենք ինչ վերաբերմունք ունենք բոլոր այդ ժամանակների նկատմամբ։ Այս՝ ներկա-նախկին ծուղակն էլ ստեղծել են, որ դուրս չգանք այս ցանցից, այսօրվա իշխանությունների ծուղակն է»։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանն ասաց, որ այս ընթացքում առիթ չի ունեցել խոսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, վերջին անգամ նրա հետ խոսել է մեկ ամիս առաջ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ