Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ մյուռոնի բաղադրությունից հանել են Արցախի բնաշխարհի ծաղկունքն ու տարատեսակ բույսերը․ «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 06,2024 10:30

«Հայացք Երևանից» – Ո՞վ կմտածեր, որ մյուռոնի մեջ էլ Արցախ կփնտրեն։ Իմացա, որ այսօրվա Մյուռոնօրհնեքի արարողությանը մյուռոնի բաղադրության մեջ Արցախի ծաղիկներից, բույսերից չկան։ Որքան զարմանալի էր այն ինձ համար, նույնքան՝ ցավոտ, որ թիրախում են հայտնվել նաեւ մեր դրախտավայրի տարատեսակ բույսերն ու բուրավետ ծաղկունքը։

Ասում են` Սուրբ Հոգին գործում է մյուռոնի միջոցով: Ըստ Հին կտակարանի, տեղեկանում ենք, որ նախկինում մյուռոնն այնպիսին չի եղել, ինչպիսին մեզ է հայտնի, եղել է մի քանի համեմունքներից եւ բույսերից պատրաստված օծության յուղ, որի հիմքը, ինչպես այսօր, ձիթայուղն է:

Պարզվում է՝ Մյուռոնօրհնեքի արարողությանը, եթե սուրբ մյուռոնի բաղադրությունից որեւէ նյութ բացակայի, կարիք չկա արգելել օրհնությունը, սակայն, եթե չկան բալասանի յուղն ու ձիթայուղը, մյուռոնօրհնությունը պետք է հետաձգել:

Որքան տեղեկացա, մյուռոնի բաղադրությունը ներառում էր 45 տեսակի նյութեր, որոնք բերվում էին արտերկրից: Մյուռոն պատրաստողները նախկինում սրբալույս հեղուկի բաղադրության մեջ նկատի չեն ունեցել հայկական բնաշխարհի մասնակցությունը: Հետագայում հատուկ որոշումով, Հայաստանի եւ Արցախի բնաշխարհից անուշահոտ ու բուժիչ մի շարք բույսեր ավելացվել են մյուռոնի բաղադրության մեջ: Արդյունքում, որպես մյուռոնի բաղադրություն, 72 տեսակի նյութ կա, որոնց թիվը պայմանավորված է Քրիստոսի 72 աշակերտների թվով:

Տեղեկանում եմ, որ մյուռոնի պատրաստման համար Հայ առաքելական սուրբ եկեղեցին ընտրել է յոթ տարվա պարբերականությունը՝ իբրեւ ընթացք, որով օրհնված հեղուկը կբավարարի:

Ինձ հետաքրքրում է հետեւյալ իրողությունը. «Լուսավորիչ հայրապետից մեզ հասած՝ առաջին օրհնված մյուռոնն ամեն անգամ խառնվում է նոր օրհնվող մյուռոնին՝ ստեղծելով կապ անցյալի, ներկայի եւ գալիքի միջեւ»։

Նկատի ունենալով անցյալի, ներկայի եւ գալիքի միջեւ կապը, որ արտահայտվում է մյուռոնի բաղադրության մեջ եղած նյութերով, Արցախը ջնջված է այդ ժամանակային շղթայից։

Չեմ ուզում հարցնել, թե ում սեւ գործի արդյունքն է, որ անգամ մյուռոնի բաղադրությունից հանել են Արցախի բնաշխարհի ծաղկունքն ու տարատեսակ բույսերը, բայց հայրենազուրկ դարձած արցախցիների ավերված կյանքի համար ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու, որ առայսօր չեն տվել:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031