Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն հաստատել է իմ այն պնդումը, որ վերոհիշյալ «նպատակները» եւ «սկզբունքները» որեւէ առնչություն չունեն վերամիավորման որոշման հետ․ Լևոն Զուրաբյան

Հոկտեմբեր 06,2024 10:14

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

2023 թվականի մայիսի 24-ին գրել էի «ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 3» վերնագրած մի ֆեյսբուքյան ստատուս, որում բացահայտել էի Նիկոլ Փաշինյանի հերթական մի մեծ խաբեությունը։
Բանն այն է, որ 2023 թվականի մայիսի 22-ի ասուլիսում Փաշինյանը պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք չէին դիտարկում Արցախը որպես միացյալ Հայաստանի մաս, խախտել են ե՜ւ Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման վրա, ե՜ւ Սահմանադրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա։

Դրանով Փաշինյանը ամբողջությամբ ընդունել էր Ալիեւյան պրոպագանդայի այն կեղծ թեզիսը, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը դիտարկում է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միացյալ տարածք եւ, հետեւաբար, սահմանադրական մակարդակով պարունակում է տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ (Հետագայում, 2024 թվականի փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը, պատասխանելով այդ պատճառով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին հարցին, ասաց, որ մենք պիտի հանենք «սիրելի տատիկի կարած կարմիր շորը, որն ամբողջ կյանքում մեզ հետ է եղել եւ տալիսման է», որպեսզի «ցուլերը մեզ չգզեն»)։

Ես այն ժամանակ պատասխանել էի, որ. «1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք որեւէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ»։ Հետեւաբար, կրկնելով Ալիեւի կեղծիքը, Փաշինյանը մոլորության մեջ էր մտցնում սեփական քաղաքացիներին, փաստորեն լեգիտիմացնելով Ալիեւի ագրեսիան Հայաստանի դեմ։

Եվ ահա, իմ պատասխանից մեկ տարի եւ չորս ամիս անց, սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որում գրված է, որ «Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ։ ՍԴ-ն փաստորեն հաստատել է իմ այն պնդումը, որ վերոհիշյալ «նպատակները» եւ «սկզբունքները» որեւէ առնչություն չունեն վերամիավորման որոշման հետ, այսինքն ամբողջությամբ ջախջախել են Փաշինյան-Ալիեւ զույքի կեղծ պնդումները։

Ցավոք սրտի, այս ամենը չի նշանակում, որ պիտի հաղթանակ տոնենք, հատկապես հաշվի առնելով այն, որ ես այնքան էլ միամիտ մարդ չեմ, որ կարծեմ, թե Սահմանադրական դատարանը գործել է Փաշինյանի ստվերային ցուցումներից դուրս։

Վերականգնելով ճշմարտությունն այս ակնհայտ խաբեության դեպքում՝ Սահմանադրական դատարանը մի ուրիշ հնարք է գործադրել, որը կապված է տարածքի փոփոխության մասին Սահմանադրության 205 հոդվածի ոչ լիարժեք մեկնաբանության հետ, ինչի հետեւանքով շրջանցվել է այն հարցը, թե արդյո՞ք ՍԴ-ում քննարկվող Կանոնակարգի որոշ դրույթները չեն ենթադրում այնպիսի լուծումներ, որոնք կարող են ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Չէ՞ որ, ըստ Կանոնակարգի, ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը կարող է տարածքի փոփոխություն ընդունել, որը կփոխի 1991 թվականի հայ-ադրբեջանական սահմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031