Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյանը Դուբլինում խոսել է գերիների անհապաղ ազատ արձակման, Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության և այլ թեմաների մասին

Հոկտեմբեր 05,2024 15:40

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության /SDSP/ փոխնախագահ։

Լիլիթ Գալստյանը հանդես է եկել ելույթներով, խոսելով գերիների անհապաղ ազատ արձակման, Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության, ադրբեջանական ագրեսիայի վտանգի և օկուպացված Արցախի տարածքում իրականացվող մշակութային ժառանգության կոթողների նկատմամբ իրակացվող վանդալիզմի մասին։

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջան, 2024, 02.10.Դուբլին

Հարգելի գործընկերներ,

Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ թե արդյոք բավարար են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում ծավալվող աղետները: Արդյո՞ք մենք բավարարված ենք մեր կազմակերպության հեղինակությամբ։

Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի կողմից ցեղասպանական հանցագործություն է իրականացվել։ Միջազգային դատարանի որոշումների բացահայտ ոտնահարումով՝ իննամսյա դաժան շրջափակումից հետո, Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար և հյուծված հայ բնակչության դեմ՝ ստիպելով ավելի քան 120,000 հայ ազգաբնակչությանը հեռանալ հազարամյակների հարենի հողից։

Օրը ցերեկով Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ բնիկ ազգաբնակչությունն էթնիկական զտման ենթարկվեց։ Շատ միջազգային կազմակերպություններ այն որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի: Ավելին, Հայաստանի 205 քառ.կմ տարածքը ներկայումս օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից։ Այս կազմակերպությունը լռում էր և շարունակում է լռել։ Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս միջազգային քաղաքականության շարժիչ ուժերն են։ Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքները անտեսված են։

Համատարած անպատժելիության մթնոլորտը Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար։

Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարությանը, այլև նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ և շինծու դատավարություններ։

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման միջոցով Արցախից վերացնել և ջնջել հայկական հետքը։ Եվ այս ցեղասպանական ակտը ներկայացվում է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»։Հարգելի գործընկերներ,
կոպիտ սխալ է ենթադրել, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հայ բնակչության և ինքնության վերացման միջոցով։ Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ապահովմամբ, պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված 150,000 հայերին։ Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրավունքից։

Շնորհակալություն։
Հոկտեմբեր 2, Դուբլին

ԵԱՀԿ ԽՎ. 03. 10. 2024. Բնապահպանական ճգնաժամ, COP 29….

Հարգելի գործընկերներ,

Փաստը, որ բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն, ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված այս կարևորագույն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո, որն հարկադրեց Արցախի 120,000 հայ ազգաբնակչությանն անվերադարձ հեռանալ հայրենիքից:

Ադրբեջանի կողմից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումն ըստ էության սահմանվում է որպես էթնիկ զտում, որը հանցագործություն է մարդկության դեմ։

Ակնհայտ է, Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը՝ սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները։

Ներկայումս Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները և կալանավորված այլ անձինք, որոնցից շատերը գերեվարվել են զանգվածային տեղահանման ժամանակ։ Նրանց թվում են 2023 թ․ սեպտեմբերին անօրինական ձերբակալված և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները։

Այս անձանց դատավարությունները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականության և արդարության հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որևէ ապացույցի կամ պատշաճ ընթացակարգերի կամայական կալանավորումը միջազգային բոլոր նորմերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի բացահայտ ոտնահարում են։

Թեև Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և բոլոր կալանավորվածներին, սակայն ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկվել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:

Փոխարենը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր։
Սրանք այն պատգամավորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման կողմ էին քվեարկել։

Հարգելի գործընկերներ,

Հնարավոր չէ կլիմայական արդարություն ապահովել առանց համամարդկային արդարություն:

Ի վերջո, մեր կազմակերպությունը հիմնված է այն համոզմունքի և արժեքների վրա, որ բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների և պարտականությունների մեջ:

Միջազգային հանրությունը ձախողել է Արցախի խնդրի հանգուցալուծումը, թույլ տալով ցեղասպանական գործողություն իրականացնել նրանց դեմ։ Սա նոր անարդարությունների և անպատժելիության ճանապարհ է բացում այլոց համար։

Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիվացնել ջանքերը, տեր կանգնել այս մոռացված պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության խնդիր չէ։

Սա արդարություն է ողջ մարդկության համար։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031