«Մենք մի ապիկար, օտարահպատակ իշխանության քաղաքականության հետեւանքով ըստ էության կործանեցինք Երրորդ Հանրապետությունը։ Երրորդ Հանրապետության բոլոր ձեռքբերումներն այսօր կասկածի տակ են»,- այս մասին «Դոմոկրատական այլընտրանք» կուսակցության հինգերորդ համագումարում ասաց կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ մեզ սպասվում են շատ ծանր լուծումներ։ Նիկոլ Փաշինյանը, Սուրենյանցի խոսքով, դարձել է Հայաստանի Հանրապետության գերեզմանափորը, մեկ արժանի տեղ ունի, եւ այդ տեղը Նաիրի Հունանյանի խուցն է։ «Ես համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո իրավական եւ քաղաքական գնահատական կտրվի այն ամենին, ինչ նա բերել է երկրի գլխին։ Նիկոլ Փաշինյանը պատերազմը հասունացրեց իր նախապատերազմյան արկածախնդրությամբ»,- հավելեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սուրեն Սուրենյանցն իր ելույթում անդրադարձավ նաեւ անելիքներին եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա։ Բայց եթե մինչեւ 2026 թվականը Նիկոլ Փաշինյանը չհեռանա, պետք չէ այս ժողովրդին վախեցնել ընտրություններով։ Ընդդիմությունը, արդյունավետ լինելու դեպքում, ընտրությունների ճանապարհով Փաշինյանին կարող է հեռացնել, հավելեց Սուրենյանցը։
«Մեր հակասություններն իմ կողմից շատ հարգված եւ իմ բարեկամ պատվելի Բագրատ Սրբազանի շարժման հետ այն է եղել, որ երեք ամիս շարունակ ասել եմ՝ բեր քաղաքական օրակարգ, բեր քաղաքական հարթակ, ճանապարհային քարտեզ եւ ընտրությունները մի մերժիր։ Բոլոր ընդդիմադիր ուժերը պարտավոր են քաղաքական պայքարի բոլոր լեգալ միջոցները ընդունելի համարել, չի կարելի քաղաքական պայքարը սահմանափակել միայն փողոցով։ Իմ առաջարկը հետեւյալն է՝ մենք սկսելու ենք քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ՝ ռեալիստական թեզերի շրջանակում քաղաքական նոր կենտրոն ձեւավորելու համար»,- նշեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյությում
Լրագրողների հետ զրույցում Սուրենյանցն ասաց. «Հայաստանը շատ ծանր վիճակում է գտնվում, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետեւանքով Ադրբեջանի պահանջներն ավելի սաստկացան։ Եվ Հայաստանը կանգնած է շատ բարդ երկընտրանքի առաջ, դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նա այնպիսի քաղաքականություն է վարել, որ կա՛մ պետք է նոր նվաստացուցիչ զիջումների գնանք, կա՛մ նոր պատերազմի առաջ ենք կանգնած։ Հայաստանին որակապես նոր ընդդիմադիր հարթակ է պետք, որը կկարողանա ջախջախել գործող իշխանությանը»։ Սուրենյանցը նշեց, որ շատ կլիներ, եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեին։ Նա ասաց, որ թե ընտրություններով, թե այլ լեգալ գործիքներով այս իշխանությունը վերարտադրվելու շանս չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ