Իբրև հայ և համախոհ համայնքների ընտրողներին կողմնորոշիչ օգնություն, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ, հրապարակել է իր հավանությունը վայելող 84 թեկնածուներից բաղկացած ցանկ, որի կազմությունը հիմնված է հանձնախմբի կողմից մշակված «օրենսդրական հաշվետվությունների քարտերի» վրա։ Դրանցով գնահատվում է յուրաքանչյուր գործող կոնգրեսականի՝ հաշվի առնելով Հայ դատի հանձնախմբի կողմից սահմանված՝ հայկական հետաքրքրություն ներկայացնող շուրջ 40 ոլորտներում նրանց նախընթաց կեցվածքն ու խոստումները։
Հայ դատի հանձնախումբը հավանություն չի տվել 2024 թ․ նախագահական մրցավազքի որևէ մասնակցի, քանի որ «ձախող» գնահատական է տվել ինչպես Թրամփ-Փենս վարչակազմին, այնպես էլ Բայդեն-Հարիս վարչակազմին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանությունը թույլատրելու և Արցախը լքելու համար: Նախագահի և Կոնգրեսի թեկնածուներից յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է հանձնախմբի ընտրական կենտրոնում՝ հետևյալ հղմամբ։
Ըստ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Հայ դատի հանձնախումբն ուս-ուսի կանգնած է յուրաքանչյուր օրենսդիրի կողքին, ով արժանացել է հանձնախմբի հավանությանը և աշխատում է ապահովելու ընտրական հետևանքներ նրանց համար, ովքեր աջակցել են Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանը: Ավելի քան երբևէ, հայ և դաշնակից ընտրողները դիտվում են որպես առանցքային ուժ, որ կարող է նախագահական ընտրություններին ընդառաջ կարգավորել հավասարակշռությունը տատանվող նահանգներում և օրենսդիր իշխանության համար մրցավազքում:
Թեկնածուների գնահատման համակարգն ամբողջացնում է հայկական հարցերի վերաբերյալ նրանց գործունեության ողջ պատմությունը, դրանցում նկատի են առնված նրանց կեցվածքը հայկական հետաքրքրության հարցերի շրջանակում, այդ թվում ելույթներ, բանաձևերի ներկայացում և սատարում, հանրային հնչեղության ապահովում, հայկական հարցերով հանձնախմբին անդամակցություն, այցելություն Հայաստան և Արցախ, մասնակցություն հիշատակման և այլ միջոցառումների, սատարում Հայ դատի հանձնախմբի կողմից քաջալերված բանաձևերին և այլն։
Կարդացեք նաև
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումը վայելող թեկնածուների ամբողջական ցանկը հասանելի է հետևյալ հղմամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ