Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել երկրի ռազմական բյուջեն, սակայն մեղադրում են Երևանին զինվելու մեջ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հոկտեմբեր 05,2024 12:40

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել երկրի ռազմական բյուջեն, ջանքեր են գործադրում «պաշտպանության ու ազգային անվտանգության համար» ծախսերի կշիռը բարձր պահելու ուղղությամբ, սակայն, միևնույն ժամանակ, պարբերաբար մեղադրում են Երևանին զինվելու մեջ:

Դեռևս 2023-ի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի զենքի գնումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար։ «Ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ»,- նշել էր նա:

Իսկ վերջերս՝ սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նիստում, նա հայտարարել էր, թե հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ է անցկացնում արտասահմանյան երկրների, ընդ որում՝ խոշոր պետությունների հետ։

«Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է»,- ընդգծել էր նա։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, հիմնվելով Ալիևի կողմից հնչեցված այդ թեզի վրա, վերջերս կառավարության նիստում հայտարարել էր․

«Առաջիկա տարիներին Ադրբեջանի պետական բյուջեի ամենամեծ ծախսերից են լինելու ռազմական ծախսերը։ Համաձայն պետության ղեկավարի հանձնարարականի, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում է լինելու ժամանակակից բանակի կառուցման գործընթացը, ազգային անվտանգության ներուժի մեծացումը, ժամանակակից մարտահրավերներին համապատասխան պաշտպանական արդյունաբերության համալիրի ամրապնդումն ու արդիականացումը»։

«Փաստերի ստուգման հարթակը», օգտագործելով բաց աղբյուրները, ուսումնասիրել է 2024 ու 2025 թվականների Ադրբեջանի պետական բյուջեն ու դրա մեջ ռազմական ծախսերի տեսակարար կշիռը։

Այսպես, 2025 թվականի պետբյուջեով ակնկալվում է, որ Ադրբեջանի եկամուտները կկազմեն 21․5 մլրդ դոլար (36․6 մլրդ մանաթ), ինչը 0․6 տոկոսով ավելի է 2024 թվականի հաստատված ցուցանիշից։ Մինչդեռ ծախսերը պետք է կազմեն 23․3 մլրդ դոլար (39․6 մլրդ մանաթ), ինչը 0․2 տոկոսով պակաս է 2024 թվականի վերանայված բյուջեի կանխատեսումից, բայց 8․8 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։

Ադրբեջանը 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսում է հատկացնել շուրջ 3․9 միլիարդ դոլար (6658․3 մլն մանաթ)։ Նախատեսված ծախսերը, ըստ այդմ, կկազմեն բյուջեի ընդհանուր ծախսերի 16․8%-ը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների, այս ցուցանիշը 6․6%-ով պակաս է 2024 թվականի համար հաստատված կանխատեսումից։

Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախնական տվյալներով կազմում էին 6 մլրդ 421 մլն 47․42 հազար մանաթ (այդ ժամանակվա փոխարժեքով՝ 3․777 մլրդ դոլար), որը պետբյուջեի ընդհանուր ծախսերի 17․4 տոկոսն է։ 2023 թվականի համեմատ ծախսերը ավելացել էին 6 տոկոսով։

2023-ին պաշտպանության և ազգային անվտանգության համար բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 5 միլիարդ 854․8 միլիոն մանաթ (մոտ 3․45 միլիարդ դոլար) կամ պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 16․1 տոկոսը։

2024 թվականի մայիսին Ադրբեջանի տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ 705 մլն մանաթով (մոտ 412 մլն դոլար) կավելացվեն պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին հատկացվող ծախսերը։ Արդյունքում՝ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը մոտավորապես 6․4 միլիարդ մանաթից (ավելի քան 3․7 միլիարդ դոլար) կհասնեն ավելի քան 7․1 միլիարդ մանաթի (մոտ 4․2 միլիարդ դոլար):

Չնայած 2025-ի բյուջեում Ադրբեջանի ռազմական ոլորտի ծախսերը 2024-ի համեմատ  6․6%-ով նվազում են, այդուհանդերձ, այդ երկրի առաջին դեմքերի մակարդակով հայտարարվում է, որ «երկրի պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը» իրենց համար գերակա են ու այդ նպատակի համար ջանք չեն խնայելու։

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031