«Ժողովուրդն ընտրեց ժողովրդավարությունը եւ խաղաղությունը»: Իշխանության այս թեզը ծայրից ծայր մոլորություն է: Քաղաքական իմաստով «ժողովուրդը» համընկնում է «ազգ» հասկացության հետ, որի համար (ի տարբերություն էթնոսի) կարեւոր է, մասնավորապես, ազգային ինքնագիտակցությունը եւ պետականությունը: Քաղաքագետներից մեկը ժամանակին դիպուկ նկատել է, որ ոչ թե ազգերն են պետություններ ստեղծում, այլ, հակառակը՝ պետություններն են ազգ ստեղծողները: Այդ առումով՝ ինչպիսի պետություն ունենք, այդպիսին էլ ազգն է: Մեր ազգի քաղաքական-քաղաքացիական ինքնությունն առայժմ չի ձեւավորվել: Այդ պատճառով ես մշտապես առաջարկում եմ «ժողովրդի» փոխարեն օգտագործել «ՀՀ քաղաքացիների մեծամասնություն» ավելի «համեստ» եզրը:
Ժողովրդավարությունն այդ մեծամասնությանը բացարձակապես չի հետաքրքրում: Թե՛ սոցիոլոգիական հարցումները եւ թե՛ անձնական շփումները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը մեր քաղաքացիների առաջնահերթությունների մեջ չկա: Ավելին՝ ցավով նկատում եմ հատկապես երիտասարդների մեջ «ուժեղ ձեռքի», գրաքննության, սահմանափակումների հանդեպ առնվազն հանդուրժող վերաբերմունքը (պատճառների մասին՝ այլ առիթով): Էլ չասեմ, որ միահեծան իշխանության, բիրտ ուժի կիրառման եւ քաղաքական հետապնդումների առումով «ներկաներն» ու «նախկինները» շատ քիչ են տարբերվում:
Խաղաղության հարցը փոքր-ինչ ավելի բարդ է: Կենցաղային մակարդակով աշխարհում չկա բանականությունը չկորցրած որեւէ մարդ, որ չի ընտրում խաղաղությունը: Բայց այստեղ դարձյալ պետք է դիտարկել կիրառվող եզրի քաղաքական իմաստը: Ներկայիս իշխանության համար «խաղաղությունը», «խաղաղության օրակարգը» թարգմանվում է որպես Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի կորուստ, Բաքվի բանտերում պահվող գերիներ եւ անվերջանալի զիջումներ թշնամուն: Կասկածում եմ, որ հիշյալ մեծամասնությունը դա՛ է ընտրել: Նա ընտրել է… խաշլաման, պարզապես «լավ ապրելը» եւ մնացած ամեն ինչի վրա աչք փակելը:
Իսկ ինչ է կատարվում քաղաքական դաշտի հակառակ բեւեռում: Այստեղ փոքրամասնությունն է, որը գնում է ընդդիմության հետեւից: Այդ ընդդիմության աշխարհընկալումը, մտածողությունը, բառապաշարը 19-րդ դարի 70-ական թվականների ազգային-ազատագրական պայքարից է: Բարձր գնահատելով մեր պատմության այդ էջը, կարծում եմ, որ որպես այսօրվա քաղաքական պայքարի գործիք, այդ նարատիվները չեն աշխատում:
Կարդացեք նաև
Կա՞ն արդյոք մեզանում քաղաքացիներ, որոնք գտնվում են «խաշլամայից» եւ «ֆիդայությունից» դուրս…
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀի ե՛ւ Արցախի մէջ բնակող հայերի լայնատարած – բոլոր խաւերում -, զանգուածային մեծամասնութեան, տակաւին շատ անբաւարար հատուած մըն է՝ որ անդրադարձաւ «ազգային ինքնագիտակցության» իսկական իմաստին, էական կարեւորութեան եւ կենսական անհրաժեշտութեան: Սակայն միայն՝ Արցախի կորուստէն ետք:
Անկէ ետք, այդ մեծամասնութեան չափը մի քիչ նուազեցաւ, սակայն մնաց մեծամասնութիւն:
Ժողովուրդը չընտրեց ժողովրդավարություն, ոչ ալ խաղաղութիւնը, այո: Բայց ժողովուրդը ընտրեց վարչակարգ մը, որու հետ հանգիստ ու մտերմիկ կը զգայ, որու մէջ ինքզինք կը տեսնէ, կը գտնէ: Կաթսան գտաւ իր կափարիչը…
Ասիկա, ժողովրդավարութիւն՝ է՛:
Սակայն պարզապէս հաստատումն է որ, ՀՀ-ի եւ Արցախի համար, ժողովրդավարութիւնը փաստօրէն համազօր էր հաւաքական ինքնասպանութեան:
Մ. Հայդուկ Շամլեան