Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուրումնավետ անձնագրերը» կարող են պատմել ավելին

Հոկտեմբեր 05,2024 12:00

Աշխարհում օծանելիքի ստեղծման ամենացնցող պատմություններից ու հետաքրքիր, անգամ մինչ օրս չբացահայտված դրվագներից մնում են հետաքրքիր բույրերն ու նրանց «հոտի հիշողություն» ասվածը։ Ամեն ժամանակահատված կարծես բերում է իր պատմության հետ նաեւ իր բույրը, այսպես ասած՝ «դարի հոտը», մենք հաճախ հիշում ենք մեր տատիկների, մայրիկների սիրելի օծանելիքի բույրերը, որոնք հաճախ մեր քթի համար ե՛ւ հարազատ էին, ե՛ւ մի տեսակ միայն նրանցը, անձնավորված էին կերպարներով։ Օծանելիքի աշխարհում կային նաեւ մնայունները, որոնք անցել են ժամանակի քննությունն ու անգամ անվանման պահպանությամբ ստեղծել են բրենդ ասվածը, որը հաճախ ապրանքատեսակի հաջողության գրավականն է։

«Արցախ Պարֆյում», սա պատմություն դառնա գուցե հարյուր տարի անց, իր ստեղծման պատմությամբ, հանդգնությամբ ծնվելով ու լինելով մի ժամանակահատվածում, երբ հայրենիքի վրայով անցել էր «սեւ թռչունը»՝ պատերազմ էր, հետո շրջափակում, հացի խնդիր, լինել- չլինելու ֆիզիկական պայքարը, հայրենի հողի վրա ապրելու կամք…եւ որտեղից որտեղ ծնվում են երազանքները… Արցախցի պատանու՝ 16-ամյա Հարություն Տոնյանի երազանքը կյանք առավ հենց այդ օրերին ու այդ իրականության մեջ՝ Արցախում, ու եկավ հասավ հայրենիք՝ Հայաստան, առաջարկելով անհատականությունը շեշտող բացառիկ օծանելիքներ, որոնք ինքնատիպ, բուրումնավետ անձնագրեր են, որոնք կարող են պատմել ավելին:

-Հարություն, ծնվել, մեծացել ես Արցախում, այն ազատ ու անկախ հայրենիքում, որի ամեն ինչը հոտ ու համ ունի, ասել է, թե՝ պատմություն։ Քո հիշողության մեջ կա՞ մի բույր, որը, ուր էլ գնաս, որտեղ էլ լինես, մնալու է անփոխարինելի:

-Հա, տատիկիս այգու վարդի բույրն ու մաքրության բույրը։

-Բույրերի աշխարհը մի ողջ համաշխարհային ալքիմիա կարելի է անվանել, այն անհաշվելի է ու անընդհատ զարգացող, աճող, հայտնաբերվող կախարդանքի նման է: Հե՞շտ ես որոշում կայացրել լինել դրա մի մասնիկը:

-Ես բույրերի հանդեպ ունեցած իմ համակրանքի պատճառով թողել եմ շախմատային ապագաս: Ու երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ այլընտրանք չունեի, քանի որ միայն այստեղ եմ ինձ տեսնում։ Չնայած՝ թողել եմ շախմատը, բայց նրա քայլերը նպաստում են բույրերի ճանաչման հարցում։

-Ին՞չ ես կարծում՝ հաջողակ պարֆյումեր լինելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝ երեւակայությո՞ւն, «լավ քի՞թ», գիտելի՞ք:

-Սեր՝ համադրած այդ ամենի հետ, պետք է ներսումդ սեր լինի, անհաղթահարելի զգացում, որը տանում է քեզ բացահայտումների: Կարծում եմ ամեն մի նոր օծանելիք բացահայտում է, նոր ալքիմիայի բացահայտում, անտեսանելին բացահայտելը աննկարագրելի բերկրանք պատճառող երեւույթ է։

 

–Ինչպե՞ս ու ինչո՞ւ որոշեցիր քո օծանելիքը անվանել «Արցախ Պարֆյում»: Շատ նայիվ հարց թվա գուցե, բայց ուզում եմ, որ պատմես քո ապրումների, երազանքների,անցյալի, ներկայի ու ապագայի տեսիլքի մասին:

-Սկսենք նրանից, որ իմ գործունեության սկիզբը եղել է հենց Արցախում՝ 2020 թվականի պատերազմից հետո։ Այդ ժամանակ ես պարզապես 12 տարեկան տղա էի, ով զբաղվում էր օծանելիքի վաճառքով։ Կարճ ժամանակահատվածում, որոշակի ձախողումների ու հաջողությունների շնորհիվ հորաքրոջս տղայի հետ հիմնեցինք օծանելիքի խանութ-սրահ, որը,լ ցավոք սրտի, երկար կյանք չունեցավ ու փակվեց շրջափակման պատճառով։ «Artsakh Perfume»-ն իր անունը ստացել է հենց այդ ժամանակ, երբ շրջափակման պայմաններում սկսեցի ինքս պատրաստել օծանելիքներ, սկսած սրվակից, հարազատ եղբորս օգնությամբ, մինչեւ անուշաբույրեր։ Բայց ուզում եմ նշել, որ գրանցված առաջընթացի շնորհիվ, այժմ մեկնարկել ենք ապրանքի բրենդավորում, որի ավարտից հետո կարելի է ասել, որ իմ առաջին երազանքը կատարված է, որի շնորհիվ արդեն իսկ կարող եմ թողարկել բույրեր, որոնց մեջ շշալցված կլինեն իմ ապրումները, զգացմունքներն ու հիշողությունները։ Իմ ամենամեծ երազանքի մասին ցանկանում եմ լռել։

-Զգացմունքների աշխարհում ինչպե՞ս եւ որտե՞ղ ես քեզ գտնում, քո մասնագիտությունը ենթադրում է, որ զգայուն ու ամենատես ու ամենանրբանկատ մարդու հետ գործ ունենք, ում համար գույնը, ձեւը, միտքը ունի բուրմունք, այն զգայական է առավել, քան կարելի է պատկերացնել…

-Ճիշտ նկատեցիք, ես բնավորությամբ զգացմունքային եմ, դա է իմ եւ պարֆյումերության միջեւ կապը։ Կարող եմ վստահ ասել, որ գտել եմ իմ կյանքի ճանապարհը, դա օծանելիքի աշխարհն է, որը չափազանց բարդ է, բայց եւ հետաքրքիր, մնում է այն շարունակ կերտել։ Գուցե որոշ ժամանակ անց իմ զգացմունքների աշխարհի հետ ինքներդ կծանոթանաք հենց իմ բույրերով։

-Ներիր հարցիս համար, բայց ուզում եմ մտածենք՝ ի՞նչ հոտ ուներ այն, ինչ եղավ, պատերազմը, նվաճած ազատությունը, այդքան երիտասարդ կյանքերի անձնուրաց պայքարը, աշխարհի քար վերաբերմունքը, դավաճանությունը, հույսը, շրջափակումը, եւ վերջապես արտագաղթը, այն փաստը, որ կորցրել ենք մեր ինքնության կարեւորագույն մասնիկը… համենայնդեպս շոշափելիորեն, եթե վերածենք հոտի, ին՞չ ալքիմիա կստացվի:

-Լռեմ, քանի որ հնարավոր է ինքս դեռեւս լիարժեք չեմ կարողանում վերարտադրել բույրը, բայց այն ընթացքում կձեւավորվի… Բրենդավորումից հետո անպայմանորեն կծանոթանաք այդ բույրին, չէ՞ որ ապրումներն էլ իմ հուշերն են, իմ հոգու խոսքը։

–Միջազգային ցուցադրության, ուշադրության փորձե՞լ ես ներկայացնել քո օծանելիքները, բացի հատուկ պատվերներից կա՞ն մնայուն բույրեր, որոնք անփոփոխ են։ Ինչպիսի՞ պայմաններում են ստեղծվում այդ նուրբ ու սքանչելի բույրերը, ին՞չ նորամուծություններ ունեք։

-Հատուկ միջազգային ցուցադրությունների դեռեւս չեմ մասնակցել, միայն արտերկրի հաճախորդների համար ստեղծել եմ իրենց անհատական բույրերը, որն այժմ առաջարկում եմ Հայաստանում, եւ որոնք, կարծում եմ, մեծ նորամուծություն են: Ինքնին մնայուն հավաքածուներ շատ կան, պարզապես իմ մեջ են դրանք, որոնց դեռ ֆիզիկական շունչ չեմ հաղորդել։ Բոլոր հաստատուն բույրերը, միջազգային ցուցադրությունները կլինեն միմիայն բրենդավորումից հետո, որպեսզի աշխարհը ծանոթանա ոչ միայն իմ եւ իմ պատմության հետ, այլ նաեւ իմ բույրերի եւ հայկական արտադրության եզակի պրոդուկտներից մեկի հետ։

–Հարություն, Հայաստանում գտնո՞ւմ ես այն նյութերը , ծաղիկները, խոտաբույսերը, որոնք անհրաժեշտ են քո օծանելիքի արտադրման մեջ։ Մեր բնությունը տալի՞ս է այդ հնարավորությունը։

-Այո, օգտվում եմ այստեղի բնության բարիքներից, կատարում եմ թորումներ եւ ստանում եմ ինձ անհրաժեշտ հումքերը, բայց արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ աշխատում եմ սինթետիկ նյութերով՝ մոլեկուլային կառուցվածք ունեցող։

-Քո անհատական մոտեցումը հաճախորդներիդ շատ տարբերվող է. երբ պատվեր ուզեցի անել քո ուղարկած հարցաշարից, հաճելիորեն զարմացա, որ այդքան նրբանկատորեն էիր մոտենում հաճախորդիդ անհատականությանը։ Հարություն, մարդիկ էլ հոտ ունեն, եղե՞լ է, որ երբ մարդու հետ շփվում ես, սկսում ես իրեն հոտով բնորոշել, կարծիք կազմել:

-Այո, օծանելիրքը մեր էությունն է, յուրաքանչյուրիս անհատականությունն ունի յուրովի բուրմունք, հավելյալ մաշկի բույրին, մարդու բնույթը, էությունը ունեն իրենց որոշակի հոտն ու համը: «Համով -հոտով մարդ»՝ իզուր չէ ասված ժողովրդի մեջ եւ հակառակ բնորոշումներ էլ կան: Ուրեմն այն գոյություն ունի։

-Ունե՞ս կարգախոս կյանքում, որով առաջնորդվում ես, «Արցախ Պարֆյում»-ի կյանքն ու ապագան որտե՞ղ ես պատկերացնում։

-Ցավոք, որոշակի պատճառով Պարֆյումը կանվանափոխվի, բայց եւ դրանից չի վերանա նրա շունչը, այլ հակառակը, նրա բույրերին կծանոթանան միջազգային հարթակներում, դա է իմ կարեւորագույն նպատակը։

-Ամենաշատը քեզ համար ո՞ր բույրն է, որ անփոխարինելի է, որ ինքդ քեզ համար ունես օծանելիքի տեսքով։

-Այժմ մաքրության բույրն եմ սիրում ու փորձում եմ հենց իմ օծանելիքի մեջ գործածել, մաքրության բույրերը ասոցիացնելով ջրի, կանաչի, մրգային որոշ բույրերի եւ քամու ակորդների հետ։

Հարցազրույցը վարեց՝

ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔ- ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
04.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031