Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ստորագրել Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը եւ Շահին Մուստաֆաեւը-2. ի՞նչ սպասել

Հոկտեմբեր 05,2024 12:30

«Շատ բան կախված է Իսրայելի պատասխանից, խոցվող թիրախներից, ռազմական հետագա գործողությունների ծավալից, նաեւ խոշոր դերակատարների միջամտությունից, որ ամեն բան դուրս չգա վերահսկողությունից ու տարածաշրջանում «ամեն բան» չպայթի»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

Օրերս, մեզ հետ զրույցում, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մանրամասներ էր հրապարակել անցած տարի՝ 2023 թվականի հունիսի 3-ին, Մոսկվայում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստի արդյունքներով ստորագրված արձանագրությունից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում համաձայնեցվել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման եւ կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլեր, ինչն էլ տեղ է գտել ստորագրված արձանագրությունում։

Ըստ Արամ Սարգսյանի, խոսքը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին է: «Միջանցքը հետեւյալ բաղադրիչներն ունի՝ երկաթգիծ, որը սովետական տարիներին Արաքսի ափով գնում էր մինչեւ Բաքու, այնտեղից ՌԴ, Ջուլֆայով գնում էր դեպի Թեհրան։ Սա ուզում են վերականգնել, բայց ԻԻՀ-ն այս հարցում ռազմավարական որոշում ունի՝ իրենք հեռանկարը շատ լավ տեսնում են եւ պատկերացնում են հետեւանքները։ Բայց, նաեւ պարզվում է, որ երկաթգծին զուգահեռ՝ դրա կողքով ավտոճանապարհ է անցնելու, որը կապելու է Նախիջեւանը Ադրբեջանի հետ։ Զուգահեռ լինելու է նաեւ գազամուղ, որով Ադրբեջանը Նախիջեւանին գազ պետք է մատակարարի։ Կառուցվելու է նաեւ էներգետիկ համակարգ՝ տեղադրվելու են բարձրավոլտ սյուներ, որոնց միջոցով իրականացվելու է էլեկտրականության մատակարարում։ Բայց, ուզում եմ հստակ հասկանանք՝ Նախիջեւանի բնակչությունը մեծ չէ, այս տարիների ընթացքում էլ պակասել է, ուստի այդ տարածքն ավելի շատ ռազմական պոլիգոն է լինելու, քան բնակավայր։ Ուստի, այս պարագայում, խոսքը նրա մասին է, որ Նախիջեւանն ապահովվելու է իբրեւ ռազմական միավոր, որը, իմ համոզմամբ, Հայաստանի դեմ է լինելու»։ Բացի սրանից, ըստ նրա, նաեւ մալուխային կապով է կոմունիկացիա ապահովվելու Նախիջեւանի համար, որը նույնպես անցնելու է այդ, այսպես կոչված միջանցքով։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Անխոչընդոտ ճանապահ» արտահայտության մեջ ամեն ինչ հնարավոր է տեղավորել, նույնիսկ ամենաաներեւակայելի բաները։ Նույնիսկ, տեսականորեն հնարավոր է, որ այդ ճանապարհը ոչ թե 10 կիլոմետր լինի. որոշ վերլուծությունների համաձայն, այդ հատվածում՝ ճանապարհի բուֆերային մասում, կարող է նաեւ իրենց համար ժամանակավոր բնակավայրեր կառուցվեն։ Բնական է, որ եթե խոսքը Նախիջեւանի եւ Ադրբեջանի կապի մասին է, միայն ասֆալտ չի լինելու, նաեւ կոմունիկացիաներն են լինելու, ենթակառուցվածքները, էստակադաները, մալուխները»:

Ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին հանձնելու մասին ՀՀ կառավարության անդամների, նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Շիրազ Խաչատրյանը «մի քիչ նույնիսկ ծիծաղելի է» համարում, քանի որ. «Մասնավոր ընկերությունների թիկունքում էլ, հասկանալի է, որ մեծ տերություններն են կանգնած։ Այսինքն, վերահսկողության խնդիրն է։ Այս դեպքում, մասնավոր ընկերության տալը ԱՄՆ առաջարկն է՝ Հայաստանի դեմքը փրկելու համար, իբրեւ թե որեւէ պետության վերահսկողություն չի լինելու: «Մասնավոր ընկերություն» տերմինի ներքո են իրենք ցանկանում իրենց զորքերը մտցնել եւ վերահսկողություն սահմանել՝ Իրանից եւ ՌԴ-ից խլելով այդ գործառույթը։ Այնպես որ՝ դրա ետեւում ԱՄՆ-ն է կանգնած»։

Ամբողջ խառնաշփոթը, ըստ Շիրազ Խաչատրյանի, հենց «Զանգեզուրի միջանցքի» համար է. նույնիսկ հիմա Հզբոլլահի, Իսրայելի, Իրանի հակամարտությունը. «Թե իսրայելական, թե ադրբեջանական մամուլում շատացել են վերլուծությունները, որ իրենց խանգարողն այս փուլում Իրանն է, եւ հնարավոր է՝ Իրանի թուլացման դեպքում, Ադրբեջանը Նախիջեւանում իր հարցերը նաեւ ռազմական ճանապարհով կարողանա լուծել, ինչին Ադբեջանը պետք է պատրաստ լինի։ Սրանք շատ փոխկապակցված իրադարձություններ են։ Նաեւ վերլուծություններ կան՝ վրաց-ռուսական հավանական մերձեցման մասով, որ ՌԴ-ն, շատ կոպիտ ասած, կարող է Վրաստանին նվիրել օսեթական տարածքները, որոնք վրաց-ռուսական վերջին պատերազմում էր գրավել: Ես դա մի քիչ քիչ հավանական եմ համարում, բայց տարածաշրջանի ընդհանուր զարգացումները տանում են նրան, որ կոմունիկացիաների բացման, վերահսկողության հարցում ՌԴ-ն որքան էլ թույլ է երեւում, ամեն դեպքում, զիջումների չի գնալու»:

Այս համատեքստում էլ, անդրադառնալով Իսրայելի վրա իրանական վերջին հարձակմանը, Շիրազ Խաչատրյանն ասաց. «Այն, որ իրանական վերջին հարվածից հետո բախումները, ռազմական գործողությունները շարունակվելու են, դրանում որեւէ կասկած չկա. իսրայելական կողմը խոստացել է՝ հուժկու, աննախադեպ հարված հասցնել Իրանին, որը, թեեւ մինչ այս պահը դեռեւս չկա, բայց ենթադրվում է, որ լինելու է։ Այդ գործողության ընդհանուր ծավալից է կախված, թե իրանական կողմը ավելի խոշոր հարված կհասցնի՞, թե՝ չէ։ Ընդհանուր իրավիճակային հանգուցալուծումը կախված է նաեւ ավելի խոշոր խաղացողների միջամտությունից, մասնավորապես ԱՄՆ-ից, ով շատ հարցերում կանաչ լույս է վառել Իսրայելի համար: Բայց պատկերը ավելի ռիսկային կարող է դառնալ եւ ամեն բան կարող է դուրս գալ խոշոր խաղացողների վերահսկողությունից՝ իր անկանխատեսելի հետեւանքները թողելով ողջ տարածաշրջանի վրա, երբ տարածաշրջանի ցանկացած խնդրահարույց տարածքում բռնկումներ, բախումներ տեղի ունենան հակադրություններ ունեցող կողմերի միջեւ»:

Փորձագետի կարծիքով, Իրանը փորձում է ժամանակ շահել՝ «Հզբոլահի» ու «Համասի» վերակազմավորման համար, Իսրայելը լավ է հասկանում այդ ամենը, ու փորձում ավելի մեծ ճնշում ու ուժ բանեցնել՝ իր հյուսիսային սահմանների շրջանում. «Լարված իրավիճակը տեւականորեն շարունակվելու է անկասկած, շատ բան կախված է ռազմական գործողությունների ծավալից ու թիրախներից: Իհարկե, Իրանը չի ցանկանում ռազմական սցենարների զարգացում նաեւ իր սահմանների շուրջ, իսկ այժմ հատկապես դիտարկվում է Ադրբեջանից հարվածներ հասցնելու հավանականությունը։ Նման զարգացումների պարագայում խնդիրը կառնչվի ոչ միայն Իրանին կամ Իսրայելին, այլ գործողւոթյունների մեջ կներքաշվեն Ռուսաստանը, Թուրքիան եւ մյուս խոշոր դերակատարները: Այս դեպքում Հարավային Կովկասում փաստացի նոր ճակատ կարող է բացվել, զարգացումները տեղափոխելով ադրբեջանա-իրանական, նաեւ հայ-ադրբեջանական սահմանների շուրջ. «Զանգեզուրի միջանցքի» հարցը կրկին օրակարգային կդառնա: Իսկ նման սցենարի դեպքում փոխվելու են խոշոր խաղացողների խաղադրույքները, դժվարանալու են կամ փակվելու են Չինաստանից Եվրոպա անցնող ուղիները, միջանցքների վերահսկողության համար խիստ պայքար է ընթանալու հիմնական դերակատարների միջեւ, էլ չեմ խոսում այն մասին, որ ռազմական ծանր հետեւանքներ են լինելու հարեւան երկների համար: Նման զարգացումների պարագայում հեշտ չի լինելու Ադրբեջանի համար, ով ծանր գին կարող է վճարել, եթե ներքաշվի նմանատիպ խոշոր ավանտյուրայի մեջ: Ալիեւը լավ է հասկանում, թե ինչ մեծ բեռի տակ կարող է մնալ, եթե Իսրայելի պարտքը տալու համար Հարավային Կովկասում խառնի Ռուսաստանի, Թուրքիայի խաղաքարտերը:

Հիմա հավանական զարգացումներն ենք դիտարկում մեր շուրջ ծավալվող իրադարձությունների, բայց կրկնում եմ, շատ բան կախված է Իսրայելի պատասխանից, խոցվող թիրախներից, ռազմական հետագա գործողությունների ծավալից, նաեւ խոշոր դերակատարների միջամտությունից, որ ամեն բան դուրս չգա վերահսկողությունից ու տարածաշրջանում «ամեն բան» չպայթի: Սպասենք առաջիկա զարգացումներին, ամեն ինչ ավելի հասկանալի կդառնա ժամանակի ընթացքում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031