Օրերս Երևանում լույս է տեսել գրող Խորեն Արամունու նոր գիրքը, որը պարունակում է 26 պատմվածք` առնված նրա ծննդավայր Իրանի և ապրած երկրների` Հայաստանի ու Միացյալ Նահանգների, կյանքից։ Գիրքը տպագրվել է «Զանգակ-97» ՍՊԸ-ի տպարանում, խմբագիրն է Արծվի Բախչինյանը։ Տաշտաքերանքը դա տաշտի կողքերից քերված խմորն է, այդ խմորից թխված հացն է, իսկ փոխաբերական իմաստով վերջին զավակն է, նաև վերջին եղած չեղածը։ Ահա և գրողը հավանաբար հենց վերջին իմաստն է ընտրել որպես իր պատմվածքների և այլ գործերի 19-րդ հատորի խորագիր։
Խմբագիր Ա. Բախչինյանը ևս իր նախաբանը վերնագրել է հարցականով` «Տաշտաքերա՞նք որ». խմբագիրը գրում է. «…գրվածքները բաժանված են աշխարհագրական և ժամանակագրական կտրվածքով` ըստ հեղինակի կյանքի երեք հանգրվանների (Իրան, Խորհրդային Հայաստան, ԱՄՆ, թեև վերջին բաժնում կան նաև Եվրոպային ու Հայաստանին առնչվող դրվագներ)։
Հեղինակի փոփոխվող ինքնությունները (հայ` Իրանում, պարսկահայ` ՀԽՍՀ-ում, հայաստանցի ԱՄՆ-ում, ամերիկահայ` ՀՀ-ում) պատումները հարստացնում են նոր գույներով և ընկալումներով»։ Խմբագիրը եզրակացնում է. «Հուսանք, որ այնուամենայնիվ, սա բնավ էլ հեղինակի տաշտաքերանքը չէ, քանի որ կյանքի հարուստ պաշար և գրողի աչք ունեցող Խորեն Արամունին վստահաբար տակավին դեռ ունի պատմելիքներ իր ընթերցողին»։
Կարդացեք նաև
Արամունու պատմվածքների այս շարանի հերոսները Իրանաբնակ հայ գյուղացիներն ու աշխատավորներն են` Ալեքը, Աքին, Լալան ու Մնացականը, ամերիկաբնակ պրն Սուրենն ու պրն Գուրգենը, իսկ հայաստանյան կյանքում պրոֆեսոր Էդվարդ Ջրբաշյանը։ Իրանահայերի հայրենադարձության կյանքին կապվող «Նամակը» պատմվածքում կարդում ենք. «…վեց ամիս ա, որ Էջմիածին-Երևան շոշի վրա, երրորդ սովխոզում, պետությունը հողամաս ա հատկացրել, տուն ենք կառուցում, հույսով ենք մինչև ձմեռ կվերջացնենք։ Պետությունը ամեն ինչով մեզ օգնում ա, հիմա Թաթևոսենց տուն ենք ապրում, բոլորս աշխատում ենք, փառք ու պատիվ մեր պետությանը` Սովետական Հայաստանին, կեցցե Սովետական Միությունը, կեցցե հաղթական Կարմիր բանակը։ Մտածելու ոչ մի բան չունենք։ Երեխաները դպրոց են գնում, դպրոցները ձրի են, բժշկությունը ձրի ա, մենք էլ աշխատում, անհոգ ու երջանիկ ապրում ենք…»։
Դեռևս Իրանում բնակվող և հայրենիքի կարոտը սրտում պահող պատմվածքի հերոս Մնացականը նամակի այդ հատվածը լսելուց հետո ոգևորված վրա է բերում.
֊ Այ որ ասում եմ` Հայաստանից լավ տեղ չկա, դպրոցը ձրի, հիվանդանոցը ձրի, սովխոզը ձրի, շոշը ձրի, հողը ձրի, գործն էլ Աստծուն փառք։
Խորեն Արամունու այս պատմվածքների շարանում էլ, ինչպես մյուս գործերը նկատվում է նրա հարուստ լեզուն ու պատկերները, սրամտությունը և «գրողի աչքը»։
Այսօր Երևանի Ա. Իսահակյանի անվան գրադարանում տեղի կունենա Տաշտաքերանքի շնորհանդեսը։
Տիգրան Դավուդյան