Լրահոս
Օրվա լրահոսը

42 ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի 19 ամյա մարզիկը մեղսունակ է ճանաչվել

Հոկտեմբեր 04,2024 22:30

18-ամյա երիտասարդի կողմից Փարաքարում 42-ամյա կնոջը՝ Ն. Նալչաջյանին շահադիտական նպատակներով սպանելու, ինչպես նաև՝ սպանության դեպքից ամիսներ առաջ  նույն երիտասարդի կողմից համագյուղացիների՝ հոր և որդու դանակահարության դեպքերի քննությունն արդեն դատարանում է:

Սպանված կնոջ եղբայրը՝ Տիգրան Նալչաջյանը Aravot.am-ին պատմեց, որ մեղադրյալի պաշտպանները դատարանում միջնորդել են նշանակել դատահոգեբանական ու դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, ինչը դատարանը բավարարել է. «Պաշտպանական կողմն ամեն կերպ ուզում էր սպանություն կատարած անձին անմեղսունակ հաներ, բայց փորձաքննության արդյունքներով՝ մեղսունակ է ճանաչվել: Նույնիսկ կան դրվագներ, որ փորձել է դերասանություն անել գիժ ձեւանալու համար, բայց միեւնույնն է մեղսունակ է ճանաչվել: Սա մի փորձաքննություն էր, որի կարիքը նույնիսկ նախաքննության ժամանակ չի եղել, քննչականը նման փորձաքննության անհրաժեշտություն չէր տեսել: Այս փորձաքննության պատճառով երկու, երեք ամսով դատաքննությունը ձգձգվեց, ինչը մեր ընտանիքի համար շատ ծանր է, դանդաղ է դատաքննությունն առաջ գնում»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ քրոջ մեքենայից անհետացած պայուսակը՝ գումարով ու ոսկեղենով այդպես էլ չի գտնվել. «Այդ պայուսակը իր ողջ պարունակությամբ՝ անձնագիր,տան բանալիներ, գումար, վարորդական վկայական, անձնական իրեր… չկա»:

Տիգրան Նալչաջյանի խոսքով,  դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մինչեւ մահը սպանվածի ու սպանություն կատարողի միջեւ սեռական հարաբերություն է եղել, բայց դիակի քայքայված վիճակով պայմանավորված հնարավոր չի եղել պարզել փոխադարձ համաձայնությա՞մբ, թե՞ բռնի ուժով է եղել:

Նա  նաեւ հայտնեց, որ իր քրոջ սպանության գործին է կցվել նաեւ սպանության մեջ մեղադրվող անձի կատարած մեկ այլ հանցագործության դեպքի քննությունը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 42 ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող երիտասարդը Փարաքար համայնքի Երևանյան փողոցի տներից մեկի դիմաց բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար, դիտողության էր արժանացել նշված տանտիրոջ որդու կողմից, ինչը վերածվել է վիճաբանության։ Դրա ընթացքում երիտասարդն իր մոտ պահվող դանակով հարվածել էր վերջինիս որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակով մարմնական վնասվածք, ապա նույն առարկայով հարվածել էր իրեն մոտեցող տանտիրոջ ձախ ազդրին՝ վերջինիս պատճառելով ձախ ազդրի ծակած կտրած վերք՝ մկանների վնասումով, առողջության տևական քայքայումով, միջին ծանրության մարմնական վնասվածք և դիմել փախուստի, իսկ դանակը նետել էր Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի «Մշակույթի և երիտասարդության պալատ»-ի հարակից տարածքում։

Տիգրան Նալչաջյանի խոսքով, այդ գործով  դատարանում հարցաքննել են տուժողին. «Դանակահարված հայրը չէր ներկայանում դատարան երկար ժամանակ, որդուն ընդհանրապես չեմ տեսել: Հետո հայրը ներկայացավ, հայտնեց, որ որեւէ բողոք չունի,  խնդրում է իրեն ազատեն նիստերից, որովհետեւ պետք է մեկնի ՌԴ: Ակնհայտ է, որ ներքին կարգով իրենց հարցերը լուծել են, իրենք նույն գյուղից են: Բայց անկախն այդ գործից, կրկնակի դանակահարություն կատարած անձը քրոջս սպանողն է, քրոջս սպանությունից առաջ նրա խուլիգանական արարքները բնութագրում են նրա հանցավոր կերպարը: Առաջիկա նիստերին ես կապացուցեմ, որ քրոջս սպանությունը ոչ միայն շահադիտական նպատակով էր, այլեւ կանխամտածված ու առանձնակի դաժանությամբ սպանություն»:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվողը Մարտեր առանց կանոնների մարզաձեւի մարզիկ էր,  բազմաթիվ մրցանակների հաղթող:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031