Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը արդարադատության նախկին նախարարի գործով հրապարակեց որոշումը

Հոկտեմբեր 04,2024 21:44

Սահմանադրական դատարանը ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի  դիմումի հիման վրա՝  ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի  1087.1-ին  հոդվածի 8-րդ մասի՝  Սահմանադրությանը  համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով այսօր հրապարակել  է որոշում:

Սահմանադրական դատարանը 2024 թվականի մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի աշխատակարգային  որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի մասով, կարճվել է:

Ուսումնասիրելով դիմումը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզել է, որ դիմողը խնդրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթն՝ այնքանով, որքանով զրպարտության դեպքում, եթե զրպարտությունը տեղ է գտել սոցիալական ցանցի օգտահաշվում, անձին հնարավորություն չի տալիս սոցիալական ցանցի օգտատիրոջը պահանջ ներկայացնել օգտահաշվից հեռացնել զրպարտող տեղեկությունը և (կամ) հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի դրույթն՝ այնքանով, որքանով սոցիալական ցանցի օգտատիրոջը չի դիտարկում որպես լրատվական գործունեություն իրականացնող, իսկ սոցիալական ցանցի օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվություն իրականացնելու միջոց»:

Ըստ Սահմանադրական դատարանի՝ բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն հանդիսացող տվյալները (անկախ հրապարակող սուբյեկտից) հրապարակային հարթակում (համացանցում) հասանելիության պայմաններում հերքելու և (կամ) դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելն անհնար է, այդպիսի օրենսդրական կարգավորումը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը՝ որպես հետևանք հանգեցնելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման՝ անձի արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման համատեքստում:

Սահմանադրական դատարանը որոշեց՝ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր:  Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական 30 դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Արտակ Զեյնալյանը Սահմանադրական դատարան էր դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում իր հայցի քննության վերաբերյալ դատավճռից հետո:

Արտակ Զեյնալյանն ընդդեմ լրագրող Գայանե Առուստամյանի, երրորդ անձ՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջով դիմել էր դատարան:

2020 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը վճռել էր. «Արտակ  Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի: Գայանե Առուստամյանից հօգուտ Արտակ Զեյնալյանի բռնագանձել 100,000.00 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար: Հայցը մնացած մասով մերժել: Գայանե Առուստամյանից հօգուտ Արտակ Զեյնալյանի բռնագանձել 90,000.00 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031