Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակչուհու՝ 88-ամյա Վահանդուխտ տատի յուրօրինակ նվերները

Հոկտեմբեր 04,2024 22:10

Անի պատմական մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Շիրակի մարզի Խարկով կամ Նոր Շեն սահմանամերձ դատարկված գյուղի միակ բնակչուհին՝ Վահանդուխտ Մելքոնյանն արդեն 88 տարեկան է։

Նա, թուրքական յաթաղանից փրկված սկեսրոջ պատգամը պահելով, շարունակում է շունչ տալ Խարկովին, զբաղվել գյուղատնտեսությամբ, հետևել անցուդարձին։

5 զավակներ ունեցող Վահանդուխտ տատը խոստացել է մինչև կյանքի վերջ մնալ սիրելի գյուղում։

«Հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց»,-պատգամել էր սկեսուրը։

Վահանդուխտ տատիկն այսօր յուրօրինակ նվեր է տվել «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի կողմից հարևան Բագրավան գյուղում հիմնած հյուրատուն- թանգարանին՝ «Վահանատանը»։

«Երբ գնում ենք դաշտեր, պարտադիր պիտի հանդիպենք Վահանդուխտ տատին։ Նա 4-5 փեթակ ունի, ամեն տարի իմ բաժին մեղրը պահում է, նվիրում։ Այսօր ևս նվիրեց իր ձեռքով քաշած մեղրը ու նաև Խարկով գյուղի մանկական մահճակալներից մեկը, որը պատրաստել է Վահանդուխտ տատի հայրը ու այնտեղ տասնամյակներ շարունակ 28 երեխա և թոռ են մեծացել:

Վահանդուխտ տատը Խարկով գյուղի խորհրդանիշն է, քանի նա կա, կենդանի է գյուղը, մի այլ հաճույք է նրա հետ շփվելը, զրուցելը։

Նա ճարտար լեզու ունի, թվում է , թե մենակ է ապրում գյուղում, ոչնչից տեղյակ չպիտի լինի, բայց չափազանց տեղեկացված է, փայլուն հիշողություն ունի, իրեն հյուրընկալվողներին ըստ արժանվույն ընդունում ու ճանապարհում է։

Վերջին 60 տարվա անցուդարձն անգիր գիտի, ընդ որում՝ ոչ միայն տեղյակ է, թե Խարկովի շուրջբոլորն ինչ է կատարվում, այլ գետից այն կողմ էլ ամեն ինչ տեսնում է։

Նա մեղուներ, մի քանի նապաստակ, ոչխար, հավեր է պահում։

Խարկովը շատ եկամտաբեր գյուղ է, ափսոս է, որ դատարկվել է, պիտի մտածել այն վերաբնակեցնելու մասին։ Այն բացառիկ գյուղերից է, որն արոտավայրեր ունի, բայց ոչ մի անասուն չկա, փշալարերը լավ կանեին տեղափոխեին դեպի գետի ափ, գյուղը կկենդանանար։ Խարկովը թե՛ գյուղատնտեսական, թե՛ տուրիզմի զարգացման առումով շատ կարևոր տեղանք է», -ասում է Վահան Թումասյանը։

Հիշեցնենք, որ գյուղ մտնելու համար պիտի թույլտվություն ունենաս, այն, ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի, հսկում են ռուս սահմանապահները: Ամեն անգամ ժամերով անցակետի մոտ սպասելը, ստուգումներ անցնելը, թույլտվություն ստանալը այնքան էին հոգնեցրել բնակիչներին, որ վերջիններս ճարահատյալ լքել էին սեփական գյուղը: Գյուղի ամայացմանը նպաստել էր նաև դպրոցի 4-ամյա դառնալը։

Այն Հայաստանի արևաշող տեղանքներից է, ինչպես հիշում են բնակիչները՝ ապրելու ու արարելու համար իսկական դրախտավայր էր։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031