Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ պաշտնյան եկել է տեղեկացնելու Իսրայել-Իրան գործողություններին զուգահեռ մեր տարածաշրջանում սպասվող գործողությունների մասին, որի նպատակը պիտի լինի միջանցքը բացելը»․ Ձյունիկ Աղաջանյան

Հոկտեմբեր 04,2024 21:15

«Փորձ է արվում այս իշխանությունների կողմից արդեն հանրային տիրույթում մարսելի դարձնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հետ ենք կանչելու միջազգային ատյաններից մեր հայցերը։ Որևէ պարագայում դա չպետք է թույլ տալ»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա կարծիքով՝ այդ պայմանագիրը չի ստորագրվի․ «Այս պահին Ադրբեջանը դա չի ուզում։ Այդ փաստաթուղթը խաղաղության մասին չէ, այդ փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին տալու իրավական հաստատումն է և Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու համար հիմքեր ստեղծելն է։ Էական խնդրահարույց որևէ հարց այդ փաստաթղթում լուծված չէ»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմանը, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, Ձյունիկ Աղաջանյանն ասաց․ «Այս խայտառակ որոշումը պարտադրանք ու զիջումն էր, որը նպատակ ուներ բավարարելու Ադրբեջանի՝ ՀՀ-ի կողմից իբրև թե Սահմանադրության մեջ եղած խնդիրների լուծումը․ դա ակնհայտ կեղծիք է։ Դա իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ Դա էլ չի բավարարելու Ադրբեջանին և ոչ միայն, որովհետև զարգացումները վերջին երկու տարիների ընթացքում ցույց են տվել, որ այն Արևմուտքը, որը միակ թելադրողն էր աշխարհում, այլևս գոյություն չունի այն կշռով ու կարողություններով, որը իրենք ենթադրել են և որի գծած ծրագրին իրենք համաձայնություն են տվել»։

ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորիի՝ ՀՀ այցը  Ձյունիկ Աղաջանյանի համար զարմանալի չէ․ «Սովորաբար նման հանդիպումներից հետո ականատես ենք լինում որոշակի ռազմական գործողությունների մասնակցելու կամ սադրանքներին տուրք տալու՝ ադրբեջանական կողմից պահանջները բավարարելու գործողությունների։ Այս պարագայում այս անձնավորությունը եկել է տեղեկացնելու նույն Իսրայել-Իրան գործողություններին զուգահեռ մեր տարածաշրջանում սպասվող գործողությունների մասին, որի նպատակը պիտի լինի միջանցքը բացելը, քանի որ առանց այդ միջանցքի հնարավոր չի լինելու Ադրբեջանից Թուրքիա զենքի տեղափոխումը, որը պետք է օգտագործվի Իրանի դեմ։ Եթե գալիս ենք նորից ռազմաքաղաքական հնարավոր զարգացումների սցենարին, փաստացի այսօրվա Արևմուտքը ձախողումների հերթական շարքն է գրանցել, և վերջին Իրանի պատասխանը, նաև դրան նախորդած Իրանի նախագահի բացահայտումը, որ արևմուտքը խաբել է Իրանին և ժամանակ է շահել՝ նախապատրաստվելով Իսրայելի հարձակմանը Հզբոլլահի և Լիբանանի վրա, այս առումով մենք հասկանում ենք, որ արևմուտքը գնալու է մի սադրանքի, որ փորձ անի երկրորդ ճակատը բացել։ Միակ կետը, որտեղ Իրան-ՌԴ երկրորդ ճակատի բացման հնարավորությունը խաչվում է, ՀՀ-ն է։ Այստեղ է, որ ՌԴ-ն և Իրանը որոշակի քայլերի գնալով՝ փաստացիորեն օգնելու են երկրորդ ճակատի բացմանը, քայլերի չգնալու դեպքում իրենք տարածաշրջանից դուրս են մնալու։ Եվ այդ իրավիճակի ստեղծման ծրագիրն է այդ պաշտոնյան բերել, ներկայացնում»։

Հանրայինի եթերում կատարվածը մեկնաբանելով՝ Ձյունիկ Աղաջանյանն ասաց․ «Դրական եմ գնահատում այն, որ Հանրայինին ստիպեցին եթեր տրամադրել, և սրբազանն իր խոսքը հնչեցրեց շատ ավելի մեծ լսարանի առաջ։ Մյուս կողմից դրսևորվեց Հանրայինի խիստ կողմնակալ պահվածքը և ոստիկանների՝ ոչ մասնագիտական գործողությունները։ Դա հատուկ սադրանք էր։ Արևմտյան մեթոդաբանության մեջ կա անհատի արժեզրկման գործիքը։ Քանի որ սրբազանը որոշակի պատկառանք է ներշնչում, հստակ ծրագիր կա նրան՝ որպես հնարավոր առաջնորդի, արժեզրկելու»։

Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ փակ զեկույցներով երևի թե ներկայացվում է՝ շատ ավելի դաժան վերաբերմունքի են ենթարկվում մեր գերիները․ «Վստահ եմ՝ Արցախի՝ պատանդառված ղեկավարությունը շատ ավելի դաժան վերաբերմունքի է արժանանում այնտեղ։ Ադրբեջանը մարսում է այս ամենը, քանի որ այստեղ ունենք իշխանություններ, որոնք իրենց ծրագիրն են իրականացնում և մեր հայրենիքի շահերից բխող քաղաքականություն վարելու փոխարեն կատարում են Արևմուտքի հրահանգները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031