Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գիտնականների կողմից առաջին անգամ տեսականորեն մշակվել է նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս ինֆորմացիան վերահսկելի կերպով տեղափոխել քվանտային հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը

Հոկտեմբեր 04,2024 17:50

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՖՀԻ) մշակվել է Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի իրականացման նոր մեխանիզմ տարբեր ալիքի երկարության երկու անկախ ֆոտոնների համար։ Այն հիմնված է պարամետրիկ փոխազդեցության վրա։ Մեխանիզմը հնարավորություն է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել կոդավորված քվանտային տեղեկույթը հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը, որտեղ տարբեր նյութական հանգույցները գործում են տարբեր ռեզոնանսային հաճախություններով՝ ապահովելով պաշտպանվածությունը դեկոհերենտությունից: ՀՕՄ երևույթն անկախ է ֆոտոնների բևեռացումից, ինչի շնորհիվ առաջարկվող մոդելը ճկուն է հիբրիդային քվանտային ցանցերում օգտագործելու համար։ Աշխատանքի գիտական ղեկավարն է  ՀՀ ԳԱԱ ՖՀԻ «Տեսական ֆիզիկայի» լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Մալաքյանը։

Քվանտային ինտերնետը կապի ցանց է, որը թույլ է տալիս փոխանակել քվանտային ինֆորմացիան ցանցի հանգույցների միջև ՝ հիմնված քվանտային ֆիզիկայի օրենքների վրա: Այն ապահովում է աննախադեպ հնարավորություններ, որոնք ակնհայտորեն անհնար են միայն դասական տեղեկատվության օգտագործմամբ՝ ներառյալ բացարձակ անվտանգ հաղորդակցությունը,  հաղորդակցության միջոցների էքսպոնենցիալ խնայողությունները, սենսորային ցանցերը:

Քվանտային ինտերնետի իրականացման հիմնական խնդիրները դեռևս լուծված չեն: Քվանտային ցանցերում հաղորդակցությունն իրականացվում է ֆոտոնների միջոցով, որոնք գտնվում են որոշակի կոհերենտ վիճակներում՝ քուբիթներում, որտեղ գրանցված է քվանտային ինֆորմացիան: Երկրամերձ ցանցերում ֆոտոնները տարածվում են ալիքատարներով, որոնց հինական թերությունը դեկոհերենտությունն է, ինչը քայքայում է ֆոտոնների կոհերենտ վիճակը և, հետևաբար, աղավաղում հաղորդվող ինֆորմացիան: Դեկոհերենտության նկատմամբ առավել կայուն վիճակները ֆոտոնի ժամանակային քուբիթներն են: Մյուս կողմից քվանտային ինտերնետի հանգույցները, որտեղ գրանցվում, ձևափոխվում և վերարտադրվում է քվանտային ինֆորմացիան, պատրաստված են տարբեր նյութերից և աշխատում են տարբեր հաճախականությունների վրա: Հետևաբար, հանգույցից  հանգույց տարածվելիս ֆոտոնի հաճախականությունը համապատասխան ձևով պիտի փոխակերպվի և անհրաժեշտ է, որ այդ ընթացքում ֆոտոնի ժամանակային քուբիթը պահպանի իր տեսքը՝ դրանով պահպանելով հաղորդվող ինֆորմացիան:

«Մեր աշխատանքում առաջին անգամ տեսականորեն մշակվել է նոր մեխանիզմ՝ հիմնված հայտնի Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի վրա, որը թույլ է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել ինֆորմացիան քվանտային հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը: Մշակված մոդելը կարող է ծառայել որպես անհրաժեշտ շինանյութ ապագա քվանտային ցանցերի ստեղծման համար, որոնք հիմնված են քվանտային հիշողության տարասեռ կառուցվածքների վրա: Այս կառույցները ֆունկցիոնալ կերպով միավորում են տարբեր ռեզոնանսային հաճախականություններով աշխատող նյութական միավորները մեկ հիբրիդային ցանցի մեջ»,- ասաց Յուրի Մալաքյանը:

Աշխատանքն իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ 20TTAT-QTc004 հետազոտական ​​ծրագրի շրջանակներում:

Արդյունքները տպագրված են ««Frequency-domain Hong-Ou-Mandel interference in cold atoms with induced atomic coherence»» հոդվածում։

Ըստ Յուրի Մալաքյանի՝ գիտական աշխատանքը լայն արձագանք է գտել միջազգային գիտական հանրության կողմից, հիմնականում քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031