Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴիջիԹեք» ցուցահանդեսի ԿԳՄՍՆ տաղավարում ներկայացված է երկու նորարարական կրթական նախագիծ

Հոկտեմբեր 04,2024 17:44

«Մերիդիան Էքսպո» կենտրոնում այսօր տեղի է ունեցել «ԴիջիԹեք» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, տարբեր տեխնոլոգիական ընկերություններ:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները համախմբող «ԴիջիԹեք» ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներին: Տեխնոլոգիական ցուցահանդեսին ԿԳՄՍ նախարարությունը մասնակցում է առանձին տաղավարով՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող նորարարական ծրագրերը:

Մասնավորապես՝ ԿԳՄՍ տաղավարում ներկայացված է երկու նորարարական կրթական նախագիծ. ՀՀ մի շարք ուսումնական հաստատություններում «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագիրը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համագործակցությամբ «ԱԲ սերունդ» (արհեստական բանականություն) դպրոցական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ, 38 մենթոր դպրոցներում 2023 թվականից մեկնարկել է ուսումնական ծրագիր սովորողների և ուսուցիչների համար՝ ապահովելով նշված լաբորատորիաների հասանելիությունը: Ուսուցիչներին աջակցելու «ՖաբԼաբ» հիմնադրամի հանձնառությունն իրականացվում է առցանց հանդիպումների միջոցով, որոնց ընթացքում ցուցադրվում է առնվազն մեկ սիմուլյացիա՝ յուրաքանչյուր առարկայից (ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն): Աշակերտները  նույնպես կարող են ընդգրկվել «Լաբսթեր» սիմուլյացիաներում՝ ներկայացնելով իրենց պատկերացումներն ու փորձը: ՀՀ շուրջ 250 ուսուցիչներ ընդգրկվել են ծրագրում և հնարավորություն ստացել օգտվելու «Լաբսթերի» վիրտուալ լաբորատորիաներից:

«ԱԲ սերունդ» ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար, որը հնարավորություն է ընձեռում նրանց սովորելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, ինչպես նաև իրականացնելու պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում: Ծրագիրը փորձարկվում է հանրապետության 15 դպրոցում՝ ընդգրկելով 420 աշակերտի: Այն մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերից և կավարտվի 2026 թվականին:

Ցուցահանդեսի շրջանակում ԲՏՃՄ կրթության ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրել են նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031