Ինչպես տեղեկացրել ենք, Եվրամիությանն անդամակցելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնած ուժերն այսօր քարոզարշավ-քայլերթ անցկացրին Գյումրիում՝ այցելելով նաև կենտրոնական շուկա։
Նրանք «Դեպի Եվրոպա» խորագրով թռուցիկներ էին բաժանում գյումրեցիներին, հորդորում վերցնել անձնագիրը կամ նույնականացման քարտն ու գնալ քաղաքապետարան ստորագրելու՝ հօգուտ ԵՄ անդամակցման։
Շուկայում նրանք բավական ջերմ ընդունելության արժանացան, սակայն գյումրեցի մտավորականներից մեկը՝ «Կումայրի արգելոց –թանգարանի» նախկին տնօրեն, այժմյան աշխատակից Պարույր Զաքարյանը հրաժարվեց վերցնել թռուցիկը՝ մեջբերելով Խրիմյան Հայրիկի օրինակը ու ցույց տալով, որ հույս չի կապում Եվրոպայի հետ։
Կարդացեք նաև
Նա ձեռքը դրեց թռուցիկը բաժանողի ուսին՝ ասելով․ «Խրիմյան Հայրիկին հիշեք ու նոր դա բաժանեք»։
«Մի ջղայնացիր», – հորդորեց թռուցիկն առաջարկողը, որին Պարույր Զաքարյանն այսպես արձագանքեց․ «Ձեր շերեփը միշտ պիտի թողնեք թղթից»։
Նշենք, որ Եվրաքվեի ստորագրահավաք նախաձեռնող խումբը բավական գոհ է բնակիչների ակտիվությունից։
«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի տեղեկացմամբ՝ 15 օրվա ընթացքում հավաքվել է 27 հազար 600 ստորագրություն, երեկվա դրությամբ՝ 31 հազար։
Ըստ նրա, մարդիկ հատկապես ակտիվ են Երևանում, Շիրակում, Գեղարքունիքում, Արմավիրի և Արարատի մարզերում։
«Որքան էլ ակտիվ լինեն, դա մեզ հիմք չի տալիս թուլանալու։ Փոխվելու են այդ թվերը, մեր նպատակը բացի նրանից, որ 50 հազար ստորագրություն հավաքելն է, այդ 50 հազարը հավաքվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այսինքն սեպտեմբերի 16-ից սկսած՝ հոկտեմբերի 16-ին ավարտենք։ Դա նաև լավ ուղերձ կլինի հասարակության, ժողովրդի կողմից իշխանություններին, որ սա ժողովրդի կողմից պահանջված թեմա և որոշում է», – ասաց Հովսեփ Խուրշուդյանը։
Ըստ նրա, իշխանություններն իրենց բարդ իրավիճակի մեջ կդնեն, եթե «ընդդիմադիր կոչվող ԱԺ քրեաօլեգարխիկ խմբավորումների» հետ միասին դեմ քվեարկեն այս օրինագծին, որտեղ նույնիսկ պահանջ չկա անմիջապես Եվրամիության անդամակցմանը դիմելու, այլ գործընթաց սկսելու մասին է։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ կարծիք հայտնեց, որ առաջիկայում շատ արագ իրենք կավարտեն ստորագրահավաքը, Ազգային ժողովում կսկսվի քաղաքական գործընթաց, և ՀՀ իշխանությունների տրամադրություններում էական փոփոխություններ կլինեն, քանի որ նրանք չեն կարող հանրային տրամադրություններին ընդառաջ չգնալ ու հաշվի չնստել 50 հազար մարդու ստորագրության հետ։
«Մեր երկրում օրակարգ թելադրողը ժողովուրդն է, և մենք հիմա եկել ենք այդ օրակարգը հրամցնելու։ Համերաշխության մթնոլորտում հասկացողության պիտի գանք միասին, չեն կարող 50 հազար մարդու ստորագրությունը անկարևոր համարել և սա չհամարել օրակարգային։
Այս պահին Հայաստանում քաղաքական մի օրակարգ կա, և դա ստորագրահավաքն է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ», – ասաց Արման Բաբաջանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ էդ գյումրեցի Վայ մտավորականը չի՞ հասկանում ,որ ներկա աշխարհում մենք մեզանով չենք կարող լինել։ Ուզում է նորից Ռուսաստա՞ն, նորից դավաճանություն, նորից պատերազմներ եւ զոհեր՞, Պերմյակովին է կարոտել երևի։