Լրահոս
25-ամյա պատմություն
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն եվրոպական քաղաքաշինական նորմերի տեղայնացման հարցում

Հոկտեմբեր 04,2024 18:30

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է բարդ կոնստրուկցիաների նախագծման ոլորտի համաշխարհային առաջատար անգլիական «Առուպ» ընկերության և հայաստանյան «Ռենշին» ընկերության ներկայացուցիչներին։

Քննարկվել է Հայաստանի քաղաքաշինության ոլորտում եվրոպական նորմերի և ստանդարտների տեղայնացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը և դիտարկվել «Առուպ»-ի ներգրավվածությունը հայաստանյան քաղաքաշինական ծրագրերում։

Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ՀՀ-ում եվրոպական նորմերի կիրառելիությունն ապահովելու նպատակով կոմիտեի նախաձեռնած քայլերը՝ ընդգծելով, որ «Առուպ»-ի («Arup») մասնագետների խորհրդատվական աջակցությունն այդ գործում խիստ օգտակար կլինի․ «Միջազգային չափանիշների ներդրումը և «Առուպ»-ի նման կազմակերպությունների ներգրավվումը մեր երկրի քաղաքաշինության ոլորտում կձևավորի նոր մշակույթ, գործելաոճ, որոնք կխթանեն տեղական ընկերությունների կարողությունների զարգացումը և նոր որակ կապահովեն մասնագիտական դաշտում»։ Նա կարևորել է, որ խոշոր ծրագրերի հեռանկարը հաշվի առնելով, ինչպիսիք են ջրամբարների, ճանապարհների, շենքերի, կամուրջների և այլ ենթակառուցվածքների շինարարությունը՝ Հայաստանում արդեն ստեղծվում է աշխատանքային նոր դաշտ ոլորտի ներկայացուցիչների և հատկապես երիտասարդ մասնագետների համար։ «Քաղաքաշինական խոշոր ծրագրերում նորարարական լուծումներ գտնելու, նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցելու հեռանկարը, կարծում եմ, հետաքրքրություն կառաջացնի երիտասարդների շրջանում դեպի ճարտարագետի մասնագիտություն»,-նշել է կոմիտեի ղեկավարը։

«Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը և ընկերության Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան պատրաստակամություն են հայտնել աջակցելու Քաղաքաշինության կոմիտեին Հայաստանում եվրոպական նորմերի ներդրման հարցում։ ««Առուպ» ընկերության մասնագետներից շատերը անմիջականորեն ներգրավված են եվրոպական քաղաքաշինական չափանիշների մշակման աշխատանքներում՝ որպես խորհրդի անդամներ։ Այնպես որ, մեր ընկերությունն ունի նման համագործակցության փորձ»,-հայտնել է Մաուրիցիո Տեորան։

«Առուպ» ընկերությունը Հայաստանում է «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության հրավերով և ներկայումս մշակում է վերջինիս «Սքայլայն» նախագծի կոնստրուկտիվ լուծումները։ «Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ներգրավված ենք մասշտաբային նախագծում և մեր գործունեության արդյունքում կարողանալու ենք Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը՝ սեյսմակայուն և ինժեներական բարդ նախագծերի իրականացման հարցում»,-ընդգծել է Մարկ Չաունը։

«Ուրախ ենք, որ ներդրումային խոշոր ծրագրերի միջոցով կարողանում ենք ոչ միայն Հայաստան բերել նոր չափանիշներ, այլ նաև մեր միջազգային գործընկերների և Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ համագործակցության հնարավորություն ստեղծել»,-շեշտել է «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում նաև համագործակցության հուշագիր ստորագրել՝ նախանշված ուղղություններով համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։

 

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031