Լրահոս
Օրվա լրահոսը

Էսպես հանգիստ, էսպես սիրով, Մեղրից անուշ լավ խոսքերով․ կայացավ Նարեկ Դուրյանի «Մի կաթիլ մեղրը» սիմֆո-հեքիաթի պրեմիերան

Հոկտեմբեր 04,2024 16:13

Մեր ժամանակներում դասական արվեստը զուգահեռվում է սիմֆո-ջազ, սիմֆո-փոփ, սիֆո-ռոք և այլ ուղղությունների հետ:

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» սիմֆո-հեքիաթի պրեմիերան: Երաժշտության և երգերի խոսքերի հեղինակը Նարեկ Դուրյանն է, համերգը ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մասնակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի (խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի մենակատարների (խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Սիմֆո-հեքիաթի հեղինակ և պատմիչ Նարեկ Դուրյանի փոխանցմամբ՝ իր կապն Ազգային ֆիլհարմոնիկի հետ, իհարկե, շատ վաղուցվա պատմություն ունի հոր՝ Օհան Դուրյանի, շնորհիվ. «Իսկ «Մի կաթիլ մեղրի» շուրջ համագործակցությունը սկսվեց, երբ ինձ առաջարկեցին Ֆիլհարմոնիկի հետ հանդես գալ Պրոկոֆևի «Պետյան և գայլ» սիմֆոնիկ հեքիաթում՝ պատմիչի դերում: Այդ ժամանակ մեզ մոտ միտք հղացավ երեխաների համար երաժշտական հեքիաթների շարան անել, բայց ոչ միայն երեխաների, նաև մեծերի: Երաժշտական ստեղծագործությունների հետաքրքրությունը նա է, որ երաժշտության շնորհիվ մեծերին էլ ես բերում դեպի դահլիճ», – ասում է Դուրյանը: Նա հավելեց, որ որոշում կայացվեց սկսել Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրից», որն իր համար հանճարեղ գործ է. «Ես գտնում եմ, որ անարդար է, որ այս գործը համաշխարհային մակարդակով ճանաչում չունի: Դա շատ հզոր, փիլիսոփայական ստեղծագործություն է: Ժամանակին Փարիզում արել էի մի կաթիլ մեղրը, մեկ-երկու երգ էի գրել այդ բեմականացման համար, որոշեցի այդ ամենը զարգացնել:

Ֆիլհարմոնիկի տնօրինությունն իր համաձայնությունը տվեց՝ գեղարվեստական ղեկավարը նույնպես: Թե նվագախմբի, թե երգչախմբի հետ անմիջապես ստացվեց մեր կոնտակտը, առհասարակ, բախտս բերել է, որ լավ մարդիկ հավաքվեցին այս գործի շուրջ»,- եզրափակեց արտիստը:

Քանի որ արվեստագետը հաղորդեց, որ որոշել են «երաժշտական հեքիաթների շարան անել», անհամբերությամբ սպասում ենք հաջորդ նախագծերին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031