Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որ եվրոպացի էինք, եվրոպացիք ո՞ւր էին»․ Եվրամիությանն անդամակցելու քարոզարշավ-քայլերթ՝ Գյումրիում

Հոկտեմբեր 04,2024 16:21

Եվրամիությանն անդամակցելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնած ուժերն այսօր քայլերթ անցկացրին Գյումրիի տարբեր հատվածներում, եղան նաև կենտրոնական շուկայում։

Գյումրեցիների մեծ մասը, տեսնելով Եվրաքվեի ստորագրահավաքի քարոզարշավն առաջնորդող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, կանգնեցնում էին նրան, բարևում, բացականչում, թե Վազգեն Սարգսյանի եղբայրն է եկել։ Նույնիսկ խնդրում էին լուսանկարվել իրենց հետ, վարսավիրներից մեկն էլ նրան հրավիրեց «սպասարկվելու»։

«Դեպի Եվրոպան է եկել»,- ասում էին ոմանք։

Գյումրիի փողոցները մարդաշատ չէին, ամեն դեպքում չկար որևէ մեկը, որին անծանոթ լիներ ստորագրահավաքի նախաձեռնությունը կամ չճանաչեր նախաձեռնողներին։

Քիչ չէին նաև «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին ջերմորեն բարևողները։

Նախաձեռնող խմբի անդամներն առանձնապես երկար զրույցի չէին բռնվում մարդկանց հետ, սահմանափակվում էին թռուցիկները բաժանելով, իհարկե՝ կային մարդիկ, որոնք պարզապես հրաժարվում էին վերցնել․ չէին կիսում գաղափարը կամ գուցե չէին հավատում Եվրամիություն մտնելու հնարավորությանը։

Արամ Սարգսյանը շուկայում առևտրականների հետ ջերմ ողջագուրվելիս՝ ժպտալով պատմեց, թե ինչպես են գյումրեցիներն արձագանքել Եվրամիության անդամակցելու նախաձեռնությանը։

«Գյումրիի ընկերներիցս մեկին ասում եմ՝ գալիս եմ Գյումրի։ Հարցնում է՝ ինչի՞ համար, ասում եմ՝ Եվրամիության ստորագրահավաքի համար, ասում է՝ մենք որ Եվրոպա էինք, եվրոպացիք ո՞ւր էին»։

Առևտրականներից մեկն էլ, տեսնելով Արամ Սարգսյանին, բացականչեց․ «Էս մեր ժողովուրդն եկավ»։

Արամ Սարգսյանը հետաքրքրվեց՝ «արարատցի՞ ես»։ «Արարատցի չեմ, դիլիջանցի եմ», – ասաց տղամարդը։ «Բոլորն էլ մեր ժողովուրդն են», – արձագանքեց Արամ Սարգսյանը։

Նա չափազանց գոհ էր գյումրեցիների ընդունելությունից, ակտիվությունից։

Լրագրողների հետ զրույցում խոսեց այս մասին։

«Ստորագրահավաքի արդյունքները համարում եմ լավ, ժողովրդի ակտիվությունը՝ դրական։ Անկեղծ պիտի ասեմ՝ վերջին շրջանի շփումները ցույց են տալիս, որ հանրության 50 տոկոսը պասիվ է, ավելի շուտ վախեցած․ որևէ փոփոխություն չի ուզում, որովհետև ցանկացած փոփոխության մեջ վտանգ է տեսնում, ինքը ոչինչ չի առաջարկում, ցանկացած առաջարկ մերժում է։

Մնացած 50 տոկոսն ակտիվ է, 50 տոկոսից 30 տոկոսը հստակ Եվրամիություն է ուզում, մնացած 20 տոկոսը բաժանվում է նախկինների ու նորերի միջև», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Նա համոզված է, որ հայ ժողովուրդը՝ հարևանների հետ համեմատ, իր տեսակով ավելի շատ եվրոպական է՝ իր մոտեցումներով, աշխարհընկալմամբ, քաղաքակրթական արժեքներով։

«Գյումրեցին ճիշտ է ասում՝ մենք որ Եվրոպա էինք, եվրոպացիք ո՞ւր էին։

Ինձ համար զարմանալի էր, Գյումրին շատ է փոխվել, ինչի համար շատ-շատ ուրախ եմ։ Վարսավիրանոցից վարսավիրը դուրս է եկել, ասում է՝ պարոն Սարգսյան, եկեք սպասարկեմ։ Մոտենում են փողոցում, հատուկ ցանկացել եմ շուկա մտնել՝ իրական մթնոլորտը հասկանալու համար։ Ես առաջին անգամ չէ, որ Գյումրիում քարոզչություն եմ անում, մարդիկ խոսում են, մարդիկ իրենք են մոտենում, հարցեր են տալիս, բանավիճում են, ուզում են հետդ նկարվեն։

Ստորագրահավաքի ընթացքը Գյումրիում գնահատում եմ շատ դրական, մարդը կանգնած ասում է՝ «Զեկուցում եմ՝ գնացել, ստորագրել եմ, մի տուր բուկլետը», – բարձր տրամադրությամբ պատմեց Արամ Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031