Ս․թ․ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ:
Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և արձագանքման մեխանիզմները: Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ:
Կարդացեք նաև
Վարժանքին ներգրավվել է ՔԿՃՄ ուղղություններով արձագանքման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի` թվով 10 մարմին: Խաղարկվել են ՔԿՃՄ գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև այդ իրավիճակներին արձագանքելու կարողությունների գնահատմանն ուղղված 6 տարբեր սցենարներ: Ընդ որում՝ որոշ սցենարներ անցկացվել են իրական պայմաններում, իսկ մյուսները կրել են նմանակող (սիմուլյացիոն) բնույթ:
Վարժանքի հիման վրա կատարված վերլուծությունը հնարավորություն կտա համակողմանի գնահատել ՔԿՃՄ միջադեպերին արձագանքման հետ կապված առկա իրավիճակը, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, և որպես վերջնանպատակ՝ իրականացնել ՔԿՃՄ միջադեպերին ՀՀ արձագանքման կարողությունների հզորացում:
ՀՀ ԱԽ ԳՐԱՍԵՆՅԱԿ