Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամն Արցախում իր գործունեությունն սկսելու հենց առաջին օրվանից աջակցել է արցախցիներին

Հոկտեմբեր 04,2024 15:23

Հոկտեմբերի 3-ին Երևանում՝ Թուֆենկյան երևանյան ավանդական հյուրանոցում, նշվեց «Թուֆենկյան» հիմնադրամի կազմավորման 25 ամյակը: «Թուֆենկյան»-ը հիմնադրվել է 1999 թ.: Զբաղվում է սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական ամենահրատապ խնդիրներով, որոնց բախվում են Հայաստանն ու Արցախը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին «Թուֆենկյան» Հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Ջեյմս Թուֆենկյանը, տնօրեն Գրիգոր Պետեանը, աշխատակիցներ, հյուրեր:

Ներկա էին նաև արցախցիներ՝ կառավարության ու ԱԺ անդամներ, կրթության, մշակույթի, գյուղատնտեսական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ժամանակին աշխատել են «Թուֆենկյան» հիմնադրամի հետ: Ներկաներին ողջունելով՝ հաղորդավար Նաիրի Գրեյսը կարևորեց հիմնադրամի դերը, որը կոչված է ծառայելու Հայաստանին ու Արցախին, բարելավելու մարդկանց կյանքը: Հիմնադրամն Արցախում իր գործունեությունն սկսելու հենց առաջին օրվանից աջակցել է արցախցիներին՝ ապահովելով բնակարաններով, կարևոր դեր է ունեցել կրթության սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական և այլ ոլորտների բարելավման գործում: Մեծ աշխատանք է կատարել Արցախի Հանրապետության Քաշաթաղի վերաբնակեցված շրջանում:

Հիմնադրամի աջակցությամբ շրջանում վերանորոգվել են միջնադարյան 3 եկեղեցի՝ Հոչանցում, Հակում և Միրիկում, կառուցվել են դպրոցներ, տասնյակ բնակելի տներ, հիմնվել են պտղատու այգիներ ու հատկացվել բնակիչներին, իրագործվել այլ բարեգործական ծրագրեր: Հիմնադրամի անցած ճանապարհի մասին ներկայացրեց նախկին տնօրեն և ներկայիս հոգաբարձուների խորհրդի անդամ Անտրանիկ Գասբարյանը, ով դեռևս Արցախյան գոյամարտի տարիներին, որպես լրագրող, եղել է Արցախում և հետագայում աջակցել արդեն «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով: Էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ՝ «Թուֆենկյան» հիմնադրամի անցած ճանապարհի մասին: Ներկաներին ողջունեց ու հիմնադրամի աշխատանքները կարևորեց ներկայիս տնօրեն Գրիգոր Պետեանը՝ հակիրճ անդրադառնալով 25-ամյա պատմությանը:

Նշեց՝ իր իր գործունեությունը «Թուֆենկյան» հիմնադրամի հետ սկսել է Արցախի համար ամենադժվար ժամանակներում՝ 2020թ. սեպտեմբերի 26-ից՝ պատերազմի սկսվելուց 1 օր առաջ: Ասաց. «…մեծ պատիվ է այսօր այստեղ արժևորել նրանց, ովքեր ինձանից առաջ ղեկավարել են այս հիմնադրամը, հիմքը զրոյից դնելով, այն դարձնելով կարևոր ու ազդեցիկ կառույց»: 1999-ին հիմնադրված հիմնադրամի առաջին տնօրենը եղել է  Մարգարիտա Հովհաննիսյանը, ով հյուրերի շարքում էր: Գ. Պետեանը տեղեկացրեց նաև՝ հիմնադրամն Արցախում սկսել է գործել 2003 թվականից՝ Անտրանիկ Գասբարյանի ղեկավարությամբ: Արցախում նրա հետ աշխատել են լուսահոգի Մաքսիմ Միրզոյանը,  ինչպես նաև երեկոյին ներկա Արմեն Սարգսյանն ու Հուսիկ Սարգսյանը: Նշեց նաև Մարո Մաթոսյանի, Ջորջ Տաբակյանի, Րաֆֆի Դուդակլյանի անունները, ովքեր տարիներ շարունակ աշխատել են Արցախում: Գ. Պետեանը ներկայացրեց նաև նոր թիմը, որի հետ այժմ աշխատում է: Հատկապես կարևորեց Էդիկ Գրիգորյանի դերը, ով երկար տարիներ աշխատել է հիմնադրամի կազմում հատկապես Արցախում, իսկ այժմ ղեկավարում է Սյունիքի ծրագրերը: Է. Գրիգորյանը կատարած վաստակի համար հիմնադրամի տնօրինության կողմից  արժանացավ շնորհակալագրի: Երևանյան ծրագրերը ղեկավարում է Մեդինա Հովհաննիսյանը, ով ժամանակին աշխատում էր Ստեփանակերտում:

Երեկոյին Քաշաթաղի շրջանից ներկա էին շրջվարչակազմի հիմնադիր ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, Բերձորի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Սամվել Քոչարյանը, Կովսականի բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Սարգսյանը, տողերիս հեղինակը՝ «Մերան» շրջանային թերթի գլխավոր խմբագիրը, ով բազում անգամ է լուսաբանել «Թուֆենկյան»-ի ծրագրերը վերաբնակեցվող հայոց տարածքում:

Իր ելույթում Լուսինե Սարգսյանը մեծ պատիվ համարեց՝ ելույթ ունենալ նման միջոցառման ժամանակ՝ նշելով՝ հիմնադրամի գործունեությանը ծանոթ է 2006թ. հունիսի 15-ից, երբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բացվեց նորակառույց բուժամբուլատորիան, որը 2016թ. և 2020թ. պատերազմների ժամանակ ծառայում էր որպես զինվորական հոսպիտալ:

Նշեց նաև՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տարին 3 անգամ կազմակերպվում էր բժիշկ մասնագետների այց շրջիկ լաբորատորիայով, իրականացվում էր անվճար բուժզննում և դեղորայքների տրամադրում: Նույնիսկ հոգում էին 45 գյուղից բնակիչների զննության այցելելու մասին, տրամադրում էին անվճար ավտոբուս: Ցավով նշեց այսօր այլևս մերը չեն «Թուֆենկյան»-ի կողմից Քաշաթաղի շրջանում կառուցած գրեթե 100 բնակարան և բազմաբնակարան շենքեր, խաղահրապարակ Կովսական քաղաքում, 3 բուժհիմնարկ և այլն:

Խոսքի վերջում Լ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Թուֆենկյան»-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց ավանդն ունեն նաև Քաշաթաղի շրջանում: Ցավով հիշեց հիմնադրամի երիտասարդ աշխատակից Էդգար Դանիելյանին, ով զոհվեց 2023թ սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ:

Երեկոյին ներկա էր նաև Էդգարի կինը՝ Լուսինեն: Ներկաներին ողջունեց և իր հիմնադրած բարեգործական կառույցի աշխատանքներին անդրադարձավ Ջեյմս Թուֆենկյանը: Վերջում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության շահառու երեխաները, որոնց խմբում նաև արցախցիներ կան, ներկաներին բաժանեցին հիմնադրամի մասի տեղեկագրեր՝ նվիրատվության քարտերով:

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի 25 ամյակին նվիրված երեկոն ամփոփվեց Վիլյամ Սարոյանի խոսքրով. «…Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ կործաներ այս ցեղը: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի՛ մոռացեք խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևէ մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզվով, իրենց ստեղծած հայոց աշխարհում, մեր ստեղծած Մայր հայրենիքում…»:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031