Օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։
Այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:
Կարդացեք նաև
‹‹Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ Ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և Ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում››,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:
Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունը աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:
Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010թ.-ի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: