Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ Դավիթ Ստեփանյան. «Կասկադը բացարձակ կապ չունի սովետական մուրճ ու մանգաղային ճարտարապետության հետ: Այն հայկական ազգային մոդեռնիստական ճարտարապետություն է, որը չպետք է ապականել»

Հոկտեմբեր 04,2024 14:32

Մայրաքաղաք Երեւանի տեսքը անկախությունից հետո իշխանական բոլոր ռեժիմների օրոք էլ խաթարվել է ու այդ երեւույթը հիմա էլ շարունակվում է ահագնացող տեմպերով:

Այսօր Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ լրատվամիջոցների հետ հանդիպմանը ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Խորհրդային Միության տապալումից հետո, երբ կարծես մենք ինքնության մեծ դրսեւորում պետք է ցուցաբերեինք թե ճարտարապետական, թե քաղաքաշինական, թե առհասարակ մշակութային բոլոր հարցերում՝ տեսանք խորը անկում: Դա եղել է բոլոր իշխանական ռեժիմների ժամանակ` Երեւանը, քաղաքաշինությունը ապականվել են ահռելի թափով: Այս օրերում խնդիրը կրկնակի ահագնացել է: Բարձրահարկերը ամեն տեղ են խցկում ու այդ այլանդակ տենդենցը շարունակվում է բազմապատիկ ձեւով: Սխալները գալիս են նշածս ժամանակաշրջաններից:

Այսօր այդ աղավաղող ձեռքը հասել է Կասկադին, որը 1970-ական թվականներից իբրեւ Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի բաղկացուցիչ մաս, որը նշանակվել էր հյուսիս-հարավ առանցքը շեշտելու, Արարատ լեռան ուղղությամբ այդ ճառագայթը նշելու համար, սկսեց կառուցվել Ջիմ Թորոսյանի արվեստանոցում՝ Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի համահեղինակ մասնակցությամբ:

Մեր պահանջն է, որ այն նախագիծը, որը հաստատվել է եւ սկսել է դրանով իրականանալ ու մնացել է անավարտ, շարունակվի: Շարունակվի ուղղակի եւ իր օրգանական ավարտը ստանա: Անավարտ թողնել այսպիսի նշանավոր կառույց՝ այդպիսի հեղինակավոր ճարտարապետների կողմից արված, նշանակում է հերթական քաղաքաշինական ստորության դիմել, ճարտարապետական աղավաղման դիմել, կարկատանի, բռի կարկատանի վերածել, երկրորդ օպերան խցկել ու այդ կառույցի ամբողջականությունը քանդել:

Գոյություն ունի նախագիծ, որը պետք է ավարտվի: Սա է մեր հստակ պահանջը: Ժամանակին հեղինակները նախատեսել էին, որ Կասկադից դեպի աջ եւ դեպի ձախ 50 մետր լայնությամբ վարից-վեր կանաչ տարածք է լինելու, այսինքն, ծառատունկ էր բարձրանալու եւ Կասկադը ավելի ընդգծված շեշտվելու էր այդ հատվածում: Հիմա տեսնում ենք, որ բոլոր ռեժիմների ընթացքում իրականացված այդ այլանդակ կառուցապատումների խառնափնթորով պայմանավորված՝ այդ հատվածը նեղացել է: Տեղ-տեղ փոքր կտորներ են, մասնավորացվել են եւ այլն:

Լուրեր են պտտվում, թե ուզում են միջազգային կարգի ճարտարապետություն ունենալ, խորհրդային շրջանից ձերբազատվել: Դա վերջին անգրագիտությունն է: Դա նույնն է, որ վերածննդի ժամանակների մեծերին ասեն ինկվիզիցիայի ժամանակաշրջանի ներկայացուցիչներ ու հրաժարվենք: Դա ուղղակի խայտառակություն է: Կասկադը բացարձակ կապ չունի սովետական մուրճ ու մանգաղային ճարտարապետության հետ: Այն ազգային ճարտարապետություն է, այս դեպքում՝ հայկական ազգային մոդեռնիստական ճարտարապետություն, այսինքն, ճարտարապետության համաշխարհային նվաճումները ազգային ձեռագրով համադրած: Մենք օտար վարդապետության հետեւից ենք վազում ու մեր առաքյալներին թողնում մի կողմ: Կասկադը այսօր Թամանյանից պահպանված միակ կտորն է ու այն չպետք է ապականել:

Քաղաքապետարանը վերջերս երկու նախագիծ է ներկայացրել, երկուսն էլ՝ այլ հեղինակների, այսօրվա ինչ-որ հեղինակների միջամտությամբ արված եւ օրգանական շարունակության հետ բացարձակապես կապ չունեցող: Ինչ-որ կոմերցիոն նախագծեր են, ինչը տեղի է ունեցել անկախության բոլոր ժամանակներում»,-ասաց Դավիթ Ստեփանյանը:

Նա նշեց, որ առաջիկայում ճարտարապետների միությունում քննարկում է սպասվում, որտեղ դիրքորոշում կարտահայտվի, սակայն ցավով նշեց նաեւ, որ մասնագիտական կարծիքը միշտ էլ ուղղակի մնացել է որպես կարծիք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031