Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Գրիգոր Մինասյանը դեռ ազատության մեջ է. այս իշխանության պարագայում, դա մեծ պլյուս է». Նինա Կարապետյանց

Հոկտեմբեր 04,2024 13:39

«Արթուր Դավթյանի հետ կապված որեւէ պարագայում հարց ունեցե՞լ են ընդհանրապես: Այն բոլոր խնդիրները, որոնք այսօր վերագրում են Գրիգոր Մինասյանին՝ տարբեր գործերի հետ կապված տապալումները, ընթացքը, բարեփոխումների տապալումները, այդ թվում կապված են նաեւ դատախազության բուռն մասնակցության հետ: Արթուր Դավթյանը, Աննա Վարդապետյանը վերահսկողություն չունե՞ն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած՝ «Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ, արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններ հավաքող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարց ուղղեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցը:

Նինա Կարապետյանց

«Գրիգոր Մինասյանի փոխնախարար նշանակման պահից դեմ եմ եղել, քանի որ չորս հոգանոց ընտանիքից երեքի նկատմամբ քրեական գործեր են հարուցված, փախուստի մեջ են մարդիկ, ինքը անաչառ, անկաշկանդ չի կարող լինել»,- կարծում է Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ Գրիգոր Մինասյանը եւ, առհասարակ, որեւէ նախարար, իրականացնում է այն գործունեությունը, որը որ քաղաքական իշխանությունն է որոշում կայացրել կատարել: Գործունեության շրջանակները իշխող կուսակցություններն են հաստատում: Նա նկատեց, որ ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը մշակվել է Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման ժամանակ, որը հետո Կարեն Անդրեասյանն էր իրականացնում կամ ոչ:

«Արել են այնքան, որքան քաղաքական իշխանությունից թույլտվություն ստացել են»,- հայտարարում է Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ շնորհավորում է Գրիգոր Մինասյանին, եթե «Մինասյանը դեռ ազատության մեջ է, այս իշխանության պարագայում, դա մեծ պլյուս է»:

Նա հիշեցրեց դատարանների շրջափակումը, քաղհասարակության ներկայացուցիչների հետ Ռուստամ Բադասյանի հանդիպումը, որի ընթացքում ասվել էր, որ վեթթինգի համար Սահմանադրությունն է խանգարում եւ նկատեց՝ ոչ ոք չնախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ. «Այն ավելի ուշ եւ այլ առիթով կփոխվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման ժամանակ նախարարությանը կից քաղհասարակության խորհրդի ոչ մի հավաք չի եղել. կամ՝ նախարարությունը չի ունեցել քաղհասարակության խոսքի կարիքը, կամ «խաչ է քաշել» ժողովրդավար կառավարման վրա:

Բանախոսը մեծ հույս ունի, որ մի օր կունենանք ոլորտի այնպիսի նախարար, որը կլինի արդարադատության ոլորտի քաղաքականության պատվիրատուն, ոչ թե քաղաքական իշխանության կամակատարը ոլորտում:

Արշակ Գասպարյան

Արշակ Գասպարյանի դիտարկմամբ, դատաիրավական բարեփոխումներում այդպես էլ չհաջողվեց ի մի բերել քրեական արդարադատության բոլոր մարմինների գործունեությունը, այդ թվում՝ իրավական համակարգում: Ավելին, ըստ նրա, իրավական բարեփոխումները վերածվեցին մի ռազմավարության, որտեղ դուրս մնացին վեթթինգը եւ անցումային արդարադատությունը, որոնք 2018-ից հնչեցված ամենակարեւոր բաներն էին: Բայց ամենակարեւորը Արշակ Գասպարյանը համարում է այն, որ ոստիկանությունը, Քննչական կոմիտեն եւ դատախազությունը դուրս մնացին ամբողջ բարեփոխումների շղթայից: Պատճառները երկուսն են՝ չհասկանալը եւ քաղաքական իշխանության կամքը: Ավելի հանրամատչելի, իր միտքը Արշակ Գասպարյանն այսպես է նաեւ ձեւակերպում. «Ռազմավարական գործունեության պլաններից զրկվեցինք, նախարարության տարեկան աշխատանքային պլանը դարձավ ռազմավարական փաստաթուղթ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արշակ Գասպարյանը հակադարձեց Գրիգոր Մինասյանին, որն անընդհատ թմբկահարում է պրոբացիայի ծառայությունում իր կատարած դրական աշխատանքը՝ հակադարձելով, որ ամենավատ բանն այս ծառայությունում եղավ Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման ընթացքում. ծառայության 80 տոկոսը ռազմականացվեց, ինչը որ աննախադեպ է եւ միջազգային չափանիշներին լիարժեք հակառակ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նինա Կարապետյանցն էլ անդրադառնալով 2018 թվականից ի վեր ոլորտում կատարվողին, ասաց, որ բոլոր երեք նախկին նախարարները, բացի Արտակ Զեյնալյանից, մոտավորապես նույն բանն են ասել հանդիպումների ժամանակ. «Մեզ տրված է այս պլանը, իշխանության հետ սա է համաձայնեցված, այս շրջանակում ինչ կարող եք՝ մտցրեք: Շատ կներեք՝ ինչ ցանել եք, այն էլ հնձել եք»:

Նինա Կարապետյանցը՝ ՔՊ-ական «ընդդիմադիր» պատգամավորներին ասում է՝ ճիշտ չի մեղքը նախարարների վրա բարդել, քանի որ իշխանությունը նույնիսկ չգիտի թե ի՞նչ է ուզում, ո՞ւր է գնում եւ բոլոր լուծումները տրվել են իրավիճակից ու ժամանակից ելնելով՝ բավական մեծ ռեսուրսներ ծախսելով. «Համակարգված է պետք աշխատել եւ պայքարել: Կոռուպցիայի դեմ կարո՞ղ է տիկին Դավոյան Արփին պետք է պայքարի»:

Նինա Կարապետյանցի կարծիքով, իշխանությունն ունի «անձնական օգտագործման» քաղհասարակության ներկայացուցիչներ, ովքեր բոլոր հանդիպումներին գնում են իբրեւ իշխանության «սազանդարներ», իսկ մնացյալին մարգինալ են անվանում. «Մենք քաղհասարակություն այլեւս չունենք»: Արշակ Գասպարյանի գնահատմամբ էլ, քաղհասարակությունը, որպես ինստիտուտ, երբեք այսքան նսեմացած չի եղել:

Ի դեպ, Արշակ Գասպարյանը հայտարարում է, որ այդպես էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ի՞նչ էր արել Գրիգոր Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031