«Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Եվ առողջապահության նախարարությունը բոլոր գործընկերների հետ ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում իրազեկելու է մեր բնակչությանը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ շարունակական հսկողության միջոցառումների մասին: Չափահաս բնակչության մասով ունենք կանխարգելիչ այցի հնարավորություն՝ յուրաքանչյուրս առողջության առաջնային պահպանման մեր հաստատությունում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը:
Նրա խոսքով. «Տարեկան մեկ կանխարգելիչ այցի շրջանակներում բնակչությունը ստանում է առողջապահական հարցերով խորհրդատվություն, նաեւ իրականացվում են խիստ անհրաժեշտ սկրինինգային հետազոտություններ: Վերջիններից է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով իրականացվող սկրինինգային հետազոտությունը, որի մեկնարկը տրվել է 2021 թվականից, այն իրականացվել է 4 մարզերում՝ Լոռի, Տավուշ, Սյունիք եւ Շիրակ: ՆԵրկայումս ծրագիրն ամբողջությամբ պետական միջոցներով շարունակվում է Գեղարքունիքի մարզում, եւ մեկնարկը տրվել է 2024-ի սեպտեմբերից»: Քնար Ղոնյանը նշում է, որ 45-68 տարեկան կանայք ներկայումս անվճար կարող են օգտվել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից:
ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի խոսքով, ամբողջ աշխարհն ընդունել է «վարդագույն հոկտեմբեր» եզրույթը, եւ պատճառն այն է, որ կրծքագեղձի քաղցկեղն ամբողջ աշխարհում գտնվում է առաջին տեղում: «Տարեկան ունենում ենք կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման 1000-1400 դեպք: Վերջին տարիներին իրազեկվածությունը, սկրինինգի շնորհիվ վաղ հայտնաբերումը բավականին մեծացել է: Եթե 5 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլը հայտնաբերում էինք 30-35 տոկոսի դեպքերում, այժմ այդ շեմն իջել է մինչեւ 15 տոկոս: Սա նշանակում է, որ վաղ հայտնաբերումը տեղի է ունենում իրազեկված լինելու եւ սկրինինգային ծառայության շնորհիվ»,- ընդգծեց Հայկուհի Գեոկչյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ