Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գոհ չէ Հանրայինի ուղիղ եթերում բագրատ Սրբազանի ուղերձից: «Որ ասեմ գոհ եմ, սուտ ասած կլինեմ, այնտեղ իր ելույթի մեջ զգացվում էր հուզականություն և մի քիչ սթափության պակաս, ցավոք»,- News.am-ի հետ զրույցում նշել է նա:
Հարցին՝ կես ճանապարհից հետ կանգնել հնարավոր չէ՞, եթե տեսնում եք, որ չի ստացվում, Միքայել Սրբազանը պատասխանել է. «Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ Սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերեւս ավելի բացահայտ կարող եմ ասել:
Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է եւ ուրվականն է: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին եւ իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար:
Եվ երկրորդ, եւ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: Եվ երկրորդ նախագահը, եւ իր որդին պետք է հայտարարեն եւ փաստացի հեռանան: Նույնը վերաբերում է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ:
Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պետք է դա հասկանան: իսկ իրենք անում են հակառակը, փորձում են Բագրատ Սրբազանի մոտ ստեղծել այն տպավորությունը, որ առանց մեզ ոչինչ էլ չես կարող անել, ռեսուրսներին մենք ենք տիրապետում»:
Կարդացեք նաև
Միքայել Սրբազանը համոզմունք է հայտնել, որ եթե նախկին նախագահները քաղաքական ասպարեզից հեռանան, պայքարը անպայման կհաջողվի. «Զարմանալի է, որ մեր սիրելի Բագրատ սրբազանը դրա ընկալումը չունի»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես քրիստոնյա հայ եմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Շատ ցավով այսօր ևս լսեցի Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, որը 2018թ.-ին սատարում էր Նիկոլ Փաշինյանին և իշխանազավթման մասնակից էր դարձել, երբ Նիկոլի մարդիկ դագաղներով և պսակներով այցելում էին մարդկանց տները։ Շատ մեծ հիասթափությամբ լսեցի նրան, երբ նա, սրբազան շարժման ժամանակ բազմիցս երթեր առաջնորդեց, հետո ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ կապ չունի, չի սատարել և չի սատարում նրան։ Երբեք չեմ անդրադարձել այս երևույթներին։
Հիմա նա ասում է հետևյալը․
1.Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է թողնի Հանրապետական կուսակցությունը և ինչպես պատահական մտավ այնտեղ, այդպես էլ պատահական դուրս գա և հեռանա։
2.Հիմա արդեն բացահայտ կասեմ, որ Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերն է, որից նա չի կարող ազատվել։ Այդ մարդիկ՝ երկրորդ և երրորդ նախագահները, պետք է հայտարարեն քաղաքականությունից հեռանալու և որևէ գործընթացի չմիջամտելու մասին։ Հայրենիքի փրկությունը դա է պահանջում։
3.Եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չհայտարարեն հեռանալու մասին, դա կնշանակի, որ իրենք չեն ուզում՝ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Ժողովրդի մեծամասնությունը իրենց անունը լսել չի ուզում։ Ե՞րբ պիտի նրանք դա հասկանան։
Հիմա, առաջին անգամ, ես կդիմեմ ձեզ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։ Դուք ինձ մոտ կասկած եք առաջացնում, որ դուք եք պատահական հայտնվել այդ կարևորագույն տեղում, այդ կարևորագույն կարգավիճակում։ Դուք մտնում եք մանիպուլյացիաների, Նիկոլի նարատիվների, հին ու նորի, նախկինի և ներկայի, հասարակության բևեռացման դաշտ։ Դուք առաջ եք քաշում իշխանական քարոզչամեքենայի թեզերը՝ նրանց, ովքեր ասում էին՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք», նրանց, ովքեր տվեցին Ղարաբաղը, նրանց, ում աջակցել եք 2018 թվականին։ Ես չեմ մտնի ձեր դաշտ և չեմ իջնի քաղաքական կեղտոտ մեխանիզմներ կիրառող եկեղեցականի մակարդակին։
Ես չեմ պատմի, թե Սերժ Սարգսյանը իր թիմի՝ ՀՀԿ-ի հետ ինչ զրկանքներ է կրել 2018թ.-ից սկսած և ինչ օժանդակություն է ունեցել յուրաքանչյուր Նիկոլի դեմ ձևավորված շարժմանը կամ գործընթացին։
Ես չեմ պատմի, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի հիմնադիրներից է, որն անկյունաքարային դեր է ունեցել նաև Արցախի ազատագրման մեջ, և չեմ ասի ոչ մի բան՝ այս անգամ ձեզ խնդրելով, որ զբաղվեք մեր հոգեպես վիրավորված հայրենակիցներին օգնելով, որ զբաղվեք քրիստոնեական քարոզով՝ այն է՝ սիրով և համերաշխությամբ, այլ ոչ թե եղած բևեռացումը ավելի խորացրեք մեր հասարակությունում։
Ես կոչ եմ անում չներկայացնել հանրությանը իրականությունից հեռու բաները իրականությանը մոտիկ շողքի մեջ։
Ժամանակներ են եղել, որ պետություն չենք ունեցել, բայց եկեղեցի ենք ունեցել, և պահանջում եմ կամ հանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հագուստը և կրել փողկապ ու հանդես գալ որպես քաղաքական գործիչ, վերլուծաբան կամ քաղտեխնոլոգ, կամ վերջ տալ անպատեհ հայտարարություններին: Այլ պարագայում այլևս հաշվի չեմ առնի ձեր կարգավիճակը և կստանաք ձեր հայտարարություններին համապատասխան քաղաքական պատասխաններ։ Ընտրեք»։