«Ամերիկայի ձայն». Թեև նախորդ ամիսներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հետևողականորեն ջանքեր էր գործադրում՝ չեզոքացնելու Գազայում ընթացող հակամարտությունը՝ զգուշացնելով Իսրայելին զերծ մնալ ռազմական գործողությունները հարևան Լիբանան տեղափոխելուց, սակայն նախորդ շաբաթների զարգացումները շատերի մոտ մտահոգություններ են առաջացրել, թե գործը գնում է դեպի տարածաշրջանային պատերազմ:
Չորեքշաբթի Բեյրութում դարձյալ հուժկու պայթյուններ էին։ Իսրայելը պնդում է՝ իր զինված ուժերի թիրախում «Հեզբոլլահն» է: Իրավիճակը սրվում է նաև հարևան Սիրիայում․ տեղի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի Դամասկոսին հասցված իսրայելական հարվածների հետևանքով երեք քաղաքացի է զոհվել։ Հաջորդ օրը հարվածների քանակն աճել էր:
Երեքշաբթի Իրանը 180 հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով Հորդանան գետի արևմտյան ափում սպանվել է առնվազն մեկ մարդ, Հոդ Հաշարոն քաղաքում վնասվել է մեկ դպրոց:
Թեհրանի ներկայացմամբ՝ երեքշաբթի օրվա իր գրոհը Իսրայելի կողմից «Հեզբոլլահի», «Համասի» առաջնորդների ու Իրանի ռազմական գործիչների սպանությունների պատասխանն էր:
Կարդացեք նաև
Սպասվում է, որ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնելու։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի քննարկել է մերձավորարևելյան զարգացումները Մեծ յոթնյակի առաջնորդների հետ:
«Կքննարկենք իսրայելցիների հետ, թե ինչ են նրանք մտադիր անել, բայց բոլորս համաձայն ենք, որ նրանք իրավունք ունեն պատասխանելու, և պետք է պատասխանեն՝ համարժեք կերպով»,- ասել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, թե չի աջակցում, որպեսզի Իսրայելը հարվածներ հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին:
Զուգահեռաբար՝ այս շաբաթ Իսրայելը ցամաքային ներխուժում իրականացրեց Լիբանան: Երուսաղեմը նաև սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին և Թեհրանի աջակցությունը վայելող ու տարածաշրջանում գործող ուժերին:
«Սա վերաբերում է Հուդեային և Սամարիային՝ [Հորդանան գետի արևմտյան ափին], ինչպես նաև Գազային, Լիբանանին, Եմենին, Սիրիային ու Իրանին: Մենք պայքարում ենք չարիքի առանցքի դեմ ամենուր»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Այս ամենի ֆոնին՝ Վաշինգտոնում աճում է մտավախությունը, որ տարածաշրջանում հետագա սրացումը կարող է պատերազմի մեջ ներքաշել Միացյալ Նահանգներին, հատկապես, եթե իրանական կողմը հարվածներ հասցնի ամերիկյան շահերին:
«[Օրինակ,] եթե հարվածներ հասցվեն Սաուդյան Արաբիայում նավթ արդյունահանող օբյեկտներին: Կամ եթե Իրանի աջակցությունը վայելող խմբերը Իրաքում և Սիրիայում գրոհեն ամերիկյան ուժերը: Դա կարող է թույլ տալ Միացյալ Նահանգներին ներքաշվել այս պատերազմի մեջ»,- նշել է Քարնեգիի հիմնադրամի փորձագետ Ահարոն Դավիդ Միլերը:
Հիշեցնենք՝ ամերիկյան ռազմուժը արդեն իսկ ներգրավված է Իսրայելի դեմ իրանական հրթիռային գրոհները հետ մղելու գործում, և պարզ չէ՝ արդյո՞ք Բայդենի վարչակազմը կօգտագործի Պենտագոնի հարձակողական կարողությունները՝ ուղղակիորեն Իրանին հարվածելու համար: Պարզ է այլ բան՝ չնայած նախորդ ամիսներին գործադրած ջանքերին, Վաշինգտոնին չի հաջողվել զսպել մերձավորարևելյան հակամարտությունը:
«Այսօր Մերձավոր Արևելքում իրադարձությունների հիմնական շարժիչ ուժերը այն դերակատարներն են, որոնք ներգրավված են այս ռազմական գործողություններում՝ Իսրայելն է, «Համասն» է, «Հեզբոլլահն» է ու Իրանն է և վերջինիս աջակցությունը վայելող ուժերը ողջ տարածաշրջանում, ներառյալ՝ Եմենի հութիները: ԱՄՆ-ն գլխավորապես հանդես է գալիս դիտորդի կարգավիճակում և փորձում է կանխել վատթարագույն սցենարը»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Բրայան Կատուլիսը:
Հայտնի է, որ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունների բռնկման մեջ:
«Եթե նրանք ազատեն տարածաշրջանը իրենց ներկայությունից, կասկած չկա, որ այս հակամարտությունները, պատերազմներն ու բախումները կավարտվեն»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Սպիտակ տունը անարձագանք է թողել այաթոլլա Խամենեիի հայտարարությունը՝ նշելով, սակայն, որ Թեհրանին նոր պատժամիջոցներ են սպասվում:
Փեթսի Վիդակուսվարա