Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Վահե Միսակյանի կողմից թույլ տրված արարքը, որպես էական կարգապահական խախտում գնահատելու համար հիմք է հանդիսացել Խորհրդի 2024 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ կիրառված «խիստ նկատողություն» ունենալու պայմաններում կարգապահական խախտում կատարելը։
Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքը «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործն էր: Վահե Միսակյանը գործը ստացել է 2021-ի մարտին, բայց քննությունն ավարտել և դատավճիռը հրապարակել է երեք տարի անց՝ 2024-ի հունիսին: Նախարարության միջնորդության համաձայն՝ դատավորը խախտել է դատավարական ողջամիտ ժամկետները:
Ինքը՝ արդեն նախկին դատավորը «Ազատության» հարցին ի պատասխան, թե համաձա՞յն է գնահատականների հետ, թե իրեն պատժեցին երրորդ նախագահին դիզվառելիքի յուրացման գործով արդարացնելու համար՝ ասել էր. «Կոռեկտ չեմ համարում պատասխանելը: Կարգապահական միջնորդությունն ուրիշ գործով էր, այս հարցին պատասխանելն իրականում կոռեկտ չեմ համարում: Դադարեցվել են իմ՝ դատավորի լիազորությունները, իսկ մասնագիտական էթիկայի կանոնները պահպանելը միայն դատավորի կարգավիճակով չի»:
Կարդացեք նաև
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց խիստ նկատողություն։
Խորհրդի անդամ Կարեն Թումանյանն ունի հատուկ կարծիք, և դեմ է քվեարկել կիրառվող պատասխանատվության տեսակի ընտրությանը՝ գտնելով, որ Դատավորին վերագրվող արարքները հանգեցնում են Դատավորի լիազորությունների դադարեցման: