Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքուն նոր մեղադրանքներ է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում եւ այլ հոդվածներով։
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշում է. «Դրանք ընդամենը նոր «դեկորացիաներ» են, զուտ «դիզայն», իսկ իրականում՝ պատրվակ, որպեսզի արդարացնեն պատանդառությունը: Դատական ակտերով փորձում են հիմնավորել, որ հայկական կողմն էլ է պատմամշակութային կոթողներ ոչնչացրել` հակակշիռ ստեղծելու համար: Չեմ կարծում, որ այս ամենը կապ ունենա COP-29-ի հետ: Ադրբեջանական կողմը նման ձեւականությունների հետեւից չի ընկնում: Իրավունք, արդարություն, ընթացակարգեր․ այս ամենն Ադրբեջանի համար որեւէ նշանակություն չունի: Կարծում եմ՝ սա ձեւական պրոցես է՝ հակակշիռ ստեղծելու համար: Ուզում են ասել՝ ոչ միայն իրենք են հայկական կոթողները վերացրել, այլեւ հայերն են իրենց պատմամշակութային կոթողները ոչնչացրել, նրանց ասածը դա է»:
Մենք զրուցեցինք նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ:
– Բաքվում հայ ռազմագերիներին նոր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում` պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար: Օրինակ` Ռուբեն Վարդանյանը ե՞րբ եւ ինչպե՞ս է հուշակոթողներ ոչնչացնել: Մանրամասներին տիրապետո՞ւմ եք: Ինչո՞ւ է Ադրբեջանը նոր մեղադրանքներ առաջադրում, եթե նախորդ մեղադրանքներն արդեն իսկ բավական են՝ ծանր պատիժներ սահմանելու համար:
Կարդացեք նաև
– Սա ադրբեջանական իշխանության հերթական կեղծ մեղադրանքն է: Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 90-ականների` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինչ-որ պրոցեսներին: Չեմ բացառում, որ պատերազմական վիճակում, երբ ռազմական փոխադարձ գործողություններ են եղել, որոշ շինություններ ավերակների են վերածվել, սակայն բոլորս ենք հասկանում, որ ԽՍՀՄ շրջանում ոչ հայկական շատ քիչ շինություններ են եղել Արցախում: Շուշիի մզկիթը մինչ օրս էլ կանգուն է: Սա ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն է ուղղված, այլեւ ընդհանուր` Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ցավոք, մեր իշխանությունները չեն գիտակցում, որ Ադրբեջանն առաջին հերթին փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ, տեսեք՝ Հայաստանն ինչպիսի ագրեսոր է եղել, դեռեւս 90-ականներից սկսած: Փոխանակ մենք իրավական եւ քաղաքական ճանապարհներով կարողանանք փրկել Արցախում պատմամշակութային արժեքները, տեսանք, թե ինչ արեցին Շուշիի եկեղեցու եւ մյուս կոթողների հետ, հիմա տեղի է ունենում նման բան, եւ իշխանության լռությունը խիստ մտահոգիչ է, որովհետեւ սա ոչ միայն գերիներին է ուղղված, այլեւ՝ մեր պետությանը, մեր երկրին, մեր ժողովրդին: Միջազգային հանրությունում մեզ համար կարող է խիստ անբարենպաստ իրավիճակ ստեղծվել: Մեր իշխանությունները պետք է իրենց կրավորական կեցվածքը մի կողմ դնեն եւ միջազգային հանրությանը ներկայացնեն Ադրբեջանի վայրագությունները, որոնք 90-ականներից մինչեւ հիմա շարունակվում են:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: