Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվել է արցախցիների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման 1456 ծրագիր. Նախարարի տեղակալ

Հոկտեմբեր 04,2024 10:45

«Այս պահի դրությամբ արդեն իրականացվել է 1456 ծրագիր, այսինքն՝ ունենք 1456 մասնակից՝ երեք բաղադրիչով: Յուրաքանչյուր բաղադրիչ ունի համապատասխան տարբերություններ: Օրինակ` միայն ուսուցմամբ բաղադրիչով 6 հոգի ունենք, իսկ աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչով՝ 1426, իսկ երրորդ բաղադրիչը, որտեղ կա ուսուցում եւ պրակտիկա՝ ունենք 24 շահառու»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով արցախցիների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագրի արդյունքները։

Նրա խոսքով, բոլոր պարագաներում ունեն պարտադիր զբաղվածության բաղադրիչ. «Այսինքն, եթե գործատուն քաղաքացու հետ հանդիպելիս հասկանում է, որ աշխատանքի ընդունվելու համար մասնագիտություն, որոշակի գիտելիքներ են անհրաժեշտ, մինչեւ 6 ամիս ուսուցում է անցկացվում, հետո նոր գործատուն աշխատանքի է վերցնում: 6-ամսյա ուսուցման արդյունքում պետությունը փոխհատուցում է ուսման վարձը, դրանից զատ նաեւ 50 հազար դրամի չափով կրթաթոշակ է տրամադրում, իսկ հաջորդ երեք ամսվա ընթացքում գործատուին փոխհատուցում է նաեւ հարկերը՝ մինչեւ 50 հազար դրամ յուրաքանչյուր ամսվա համար»:

Ինչ վերաբերվում է պրակտիկայի բաղադրիչին, փոխնախարարը հետեւյալը հայտնեց. «Քաղաքացին 3-ամսյա պրակտիկա է անցնում, պետությունը գործատուին տրամադրում է 160 հազար դրամ, որը ներառում է աշխատավարձ եւ հարկեր, որը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին: Հաջորդ 3 ամսվա ընթացքում պետությունը 50 հազարի չափով փոխհատուցում է նաեւ եկամտահարկը: Ինչ վերաբերվում է երրորդ՝ ուսուցման եւ պրակտիկայի բաղադրիչին, այս պարագայում եւս պետությունը փոխհատուցում է հարկերը: Սա առաջին եւ երկրորդ տարբերակի միացյալ տարբերակն է»:

Ռուբեն Սարգսյանը նշեց, որ քաղաքացին ունի իր ցանկացած աշխատանք ընտրելու իրավունք, նրան այլ աշխատանք չի պարտադրվում, պարզապես պետք է մարդու հնարավորությունների ու գործատուների պահանջարկի համապատասխանություն լինի:

 

Մանրամասն տեսանյութում՝

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031