Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի այս կառավարող խումբը ազգայինը համարում է ինչ-որ հետամնաց, «ժամանակի պահանջներին չհամապատասխանող» բան. «Ազգ»

Հոկտեմբեր 04,2024 10:49

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի այս կառավարող խումբը ազգայինը համարում է ինչ-որ հետամնաց, «ժամանակի պահանջներին չհամապատասխանող» բան եւ համաշխարհայնացման հովերին տրված՝ շտապում է ապազգայնացնել մեր պետությունն ու հասարակությունը, կառուցելով «համակեցության կանոններով ապրող երջանիկ (իրենց արտասանությամբ՝ ռ-ով – Գ. Մ.) հասարակություն»: Եվ այդ քաղաքականությունը սկսած լինելով իրականացնել համարյա իշխանության գալուն պես, քայլ առ քայլ հետեւողականորեն առաջ են տանում այն՝ հաշվի չառնելով ոչ ոքի եւ ոչինչ, ասես մի ծրագրված առաքելություն իրականացնելով: Սկսելով հիմքից՝ կրթությունից ու գաղափարական-բարոյական կողմնորոշիչներից:

Դրա երեւի առաջին խորհրդանշական կրակոց-ազդանշանը, որն ամեն անգամ առիթ է լինում հիշելու, Կրթության ազգային ինստիտուտի փակումն էր: Թերեւս միակ լսված պատճառաբանությունն այն էր, թե վատ է աշխատում (այդպես լիներ՝ երեւի կառավարություն չպիտի ունենայինք…): Մեր եկեղեցու դեմ անվայել քայլերն ու դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու նախաձեռնությունը, դպրոցին պարտադրված, դպրոցն ապազգայնացնող կրթական նոր չափորոշիչները, որտեղ ի թիվս շատ այլ բաների՝ հայոց լեզուն, օրինակ, ընդամենը հանրային հաղորդակցման եւ գիտելիքներ ձեռք բերելու միջոց է համարվում, մի տեղ նույնիսկ՝ մայրենի լեզուն, ըստ շարադրանքի… օտար լեզու («սովորողները… գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»): Ազգային գիտելիք ու դաստիարակություն տվող «Հայ ասպետ» հեռուստահաղորդման, սերունդներ դաստիարակած եւ սերնդեսերունդ սիրված մանկապատանեկան հայտնի թերթ ու ամսագրերի ֆինանսավորման դադարեցումը, պատմության՝ այսօր արդեն մասնագիտական ու հասարակական վրդովմունքի արդարացի ալիք բարձրացրած նոր դասագրքերը… Դեռ մյուսների ձայնն էլ երեւի հետո կելնի:

Բառացիորեն օրերս ռուսաստանյան լրահոսում հաղորդվեց, որ այդ երկրում բուհեր ընդունվելու համար ռուսաց լեզվից պետական միասնական քննությունը կմնա պարտադիր: Իսկ մեր բուհերի ոչ-մասնագիտական բաժիններում մեր ապագա մտավորական-մասնագետներին, երկրի ապագա տերերին ու պատասխանատուներին հայոց լեզվի եւ գրականության, Հայոց պատմության գոնե երկու տարվա ուսուցումը, ապա եւ ընդունելության քննությունը դարձրին ոչ պարտադիր… Այս քայլերի գալիք հետեւանքները վախեցնող են:

Եվ հիմա էլ, պատկերացնո՞ւմ եք, Պատմական Հայաստանը, այսինքն մեր պատմական ժառանգությունն ու հիշողությունը, «խանգարում է» «իրական Հայաստանին», դասավանդվող, առնվազն 1600 տարվա ավանդույթով սրբագործված «Հայոց պատմություն» առարկան պետք է դարձվի «Հայաստանի պատմություն», իսկ հայրենիքը, իբր, լոկ պետությունն է… Պետք է, նաեւ, ազգայինի կոչում ունեցող եզակի մշակութային հաստատությունները վերանվանվեն պետական, որպեսզի պետությունը կարեւորվի: Իսկ հայրենասիրությունն էլ… «սխալ» է: Մարդկային միտքը խճճող ու մոլորեցնող այս հորձանքի մեջ ինչպե՞ս են կողմնորոշվելու իմ, ձեր զավակներն ու թոռները, ի՞նչ արժեքների են հավատալու եւ ի՞նչով են դաստիարակվելու, գաղափարապես զինվելու մեր բազմավտանգ երկրի վաղվա պատասխանատուները…

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031