Oգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ՖԲ իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ հյուրընկալվել է Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղում և մասնակցել հյուրասիրության:
Գյուղացիները վարչապետին բնության գրկում խորոված ու խաշլամա էին հյուրասիրել:
Վերջիններիս խոսքով, սակայն, այդ կերուխումը մնաց իրենց կոկորդին: Ծիլքարյան հյուրասիրության մասին գրառումից ու լուսանկարների հրապարակումից կարճ ժամանակ անց պարզվել է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքում փակվում են ՀՀ կադաստրի կոմիտեի մասնաճյուղը, նոտարական գրասենյակը, ոստիկանական բաժանմունքը և անձնագրային բաժինը: Դրանք տեղափոխվում են Ապարան, և այսուհետ 10 գյուղ ընդգրկող ու մոտ 12 հազար բնակիչ ունեցող Ծաղկահովիտ խոշորացված համայնքի բնակիչները ստիպված են լինելու իրենց ցանկացած խնդիր լուծելու համար հասնել Ապարան: Գյուղացիների խոսքով՝ իշխանությունները ամեն ինչ անում են իրենց կյանքը բարդացնելու համար: Բացի այն, որ աշխատատեղերի բավական մեծ թվով կրճատումներ են լինելու, այդ քողի տակ քայլ առ քայլ կրճատում են գյուղացի մարդու համար այնքան կարևոր ժամանակը, քանի որ հողագործի աշխատանքով զբաղվելու փոխարեն իրենք ստիպված են լինելու ամեն հարցով հասնել Ապարան:
Ի դեպ, ծաղկահովիտցիների ճակատագիրը շուտով կիսելու են նաև Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչները:
Մելանյա Ծառուկյան
Հ.Գ. Ծաղկահովիտցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել Կառավարության շենքի մոտ «Հաց ու աղը մոռացողը հայրենիքն էլ կուրանա» կարգախոսով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: