Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ
-Դուք առաջնորդվում եք ՀՀՇ-ի հայտնի լոզունգով՝ «պոլի փետ լինի՝ ՔՊ-ից լինի»։
– Մի գաղտնիք բացեմ․ դա ինձ են ասել` անձամբ ինձ, եւ դա ասել է Արշակ Սադոյանը։ Պատմե՞մ՝ լսեք։ Ուրեմն 1990 թվականի Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների ժամանակ ես 73-րդ ընտրական օկրուգում, որը 8-րդ զանգվածն էր, ուր ես մեծ հեղինակություն էի վայելում, նույնպես առաջադրվել էի, բայց լինելով ՀՀՇ-ի ակտիվ մասնակից եւ «Ղարաբաղ» կոմիտեի տեղական կոմիտեի նախագահ, ես, երբ 89 թ․-ին ՀՀՇ-ն դարձավ կուսակցություն՝ ՀՀՇԿ, ու ես հրաժարվեցի մտնել կուսակցություն, 90 թ․ ընտրություններին ՀՀՇ-ն 73 օկրուգում առաջադրեց մի անձնավորության, ես մոտ 140 ձայնով պարտվեցի, այն ժամանակ 50+ էր պետք։
ՀՀՇ-ին պատկանող «Հայք» թերթով լույս տեսավ ցուցակ, որտեղ հրապարակել էին, թե ՀՀՇ-ն որ թեկնածուներին է աջակցում։ Ես զարմացա, որ ոչ թե իմ անունն էր գրված, այլ՝ այն մարդու, որին առաջադրել էին։ Այն դեպքում, որ լինելով պատգամավորական թեկնածու, 34-րդ օկրուգում Բաբկեն Արարքցյանի վստահված անձն էի՝ Արաբկիրում։
Կարդացեք նաև
Երբ վարչությունում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մյուսները ներկա էին, հարցրի՝ ինչո՞ւ եք մարդ բերել, իմ դեմը դրել, եթե ես այդտեղ առաջադրվել էի, հատկապես որ բոլորդ ինձ ճանաչում եք, ես երկրորդ դեմքի՝ Արարքցյանի վստահված մարդն էի։ Արշակ Սադոյանը շուռ եկավ, ինձ ասաց, որ դու ՀՀՇԿ-ից չես, ասացի՝ հետո՞ ինչ, պատասխանեց՝ ըտենց ա, թող ՀՀՇ-ից լինի՝ պոլի փետ լինի։
– Գրիգոր Մինասյանի դեպքում Դուք` անձամբ, ինչի՞ց էիք դժգոհ։
– Ես գտնում եմ, որ նման կարեւոր տեղում, այո, պետք է թիմից լինի, որպեսզի մենք ավելի պատասխանատու ձեւով պահանջենք։ Դա չի նշանակում, որ ասում ենք, թե բոլոր պաշտոններում պետք է միայն թիմից լինի, ոչ, ոչ եւ ոչ։
– Արդարադատության ոլորտն ուզում եք թիմակից ղեկավարի, որ նախկինների դատաստա՞նը տեսնի` թալանի եւ այլնի դեմ պայքարի։
– Ես դրա մասին չեմ ուզում խոսել, ես գիտեմ, որ հասարակության մեջ մեծ դժգոհություն է եղել, եւ ստացվել է այնպես, որ մենք լսեցինք իրենց։
– Եթե անարխիա չի լինելու, ապա իսկապե՞ս կարծում եք, որ Արփի Դավոյանը կամ Արուսյակ Ջուլհակյանն ավելի լավ նախարար կարող են լինել, քան Գրիգոր Մինասյանն էր։
– Ուրեմն լսեք․ կոլեկտիվ աշխատանքի մեջ ավելի մեծ դեր է խաղում մենեջերությունը, քան թե մարդու ռեալ կարողությունները։
– Մենեջերության համար էլ է խելք, փորձառություն հարկավոր։
– Մի րոպե, ես չեմ կարծում, որ եթե, օրինակ, Արփի Դավոյանը լինի, մենք զգանք, որ ինչ-որ հարցում սխալ է, մենք շատ հնարավորություն ունենք՝ անմիջապես կապվելու եւ ասելու՝ Արփի ջան, այս հարցն այսպես է, իսկ այդ աղջիկն ուզածդ ժամանակ, ուզածդ խոսքերը լսում է եւ վերլուծում։ Եթե թիմն է առաջադրում, թիմն էլ պատասխանատվություն է վերցնում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում