Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով քննել էր Ա. Սարգսյանի վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը:
Բողոքն առնչվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում 2017 թվականի մարտի 17-ի բժշկական սպասարկում եւ օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով բուժվող հիվանդ Ա. Սարգսյանին անզգուշորեն մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Հիվանդը գտնվել է «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում:
Այդ հիմնարկների բուժսպասարկողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Կալանավորված անձը ունեցել է ցավեր, ամեն օր ստացել է ցավազրկող դեղեր, եւ ըստ բողոքաբեր պաշտպանի, հիվանդ կալանավորին հետագայում բուժօգնություն չի ցուցադրվել, շտապ օգնություն կանչելու պահանջը երկու անգամ մերժվել է:
Վճռաբեկ դատարանը, Արսեն Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0128/11/19 որոշմամբ, ընդգծելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի առաջնային եւ հիմնարար բնույթը, նախադեպային դիրքորոշմամբ արձանագրել է, որ կալանավորված, դատապարտված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձի մահվան դեպքերում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն, ձեռնարկեն հնարավոր եւ անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաեւ դրանում ներգրավված պատասխանատու անձանց պարզելու եւ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով հապճեպ կամ չհիմնավորված վերջնական որոշումներ կայացնելուց եւ գնահատականներ տալուց»:
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը միայն կարող է համարվել արդյունավետ եւ համահունչ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.10.2024