Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Ալիեւը ցանկանա»

Հոկտեմբեր 04,2024 12:00

Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու Ադրբեջանի ծրագրերի վերաբերյալ կասկածներ այլեւս չունի՞ պաշտոնական Երեւանը

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնի` մի ժամում հատուկ կապով կարող են պայմանավորվել, թե որտեղ են ստորագրում խաղաղության պայմանագիրը, հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ Սիմոնյանի՝ միջազգային հանրությունն էլ է զարմացած, հարցնում են, թե ինչո՞ւ Բաքուն չի ուզում ստորագրել այդ պայմանագիրը: «Միջազգային հանրությունը սպասում է, ասում է՝ «հարգելի՛ս, ի՞նչ եղավ այդ պայմանագիրը, ինչի՞ չեք կնքում այդ պայմանագիրը»: Արդեն անհասկանալի է Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային առումով: Միջազգային գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում: Անկեղծ ասած, զարմացած նայում են, ասում են՝ «լավ, հասկացանք, որ էդ Սահմանադրության մասը մի քիչ ուռճացված է, կարո՞ղ է իմանաք՝ ի՞նչն է պատճառը», ինձ են հարցնում՝ «կարո՞ղ է ուրիշ բան կա, դեռ չեն ասում», – ասել է ԱԺ խոսնակը։

Հարցին, թե մինչեւ Բաքվում կայանալիք COP29-ը հնարավոր չէ՞ ստորագրել պայմանագիրը, Սիմոնյանը պատասխանել է. «Մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցով կապ հաստատել եւ ասել, որ «եկեք քննարկենք ստորագրման ձեւաչափը եւ տեղը», եւ հայկական կողմը կստորագրի։ Եթե իրենք ուզում են COP29-ը վերածել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի եւ գերիների ազատ արձակման մասին ելույթների եւ նման միջոցառման, դա ընտրության հարց է»: «Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում, արդեն շատ վաղուց: Մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը, որ հարթակում կկնքենք: Միջազգային գործընկերներն արդեն հարթակներ են առաջարկում: Սա եւս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է», – նկատել է ԱԺ խոսնակը։

Ընդամենը երեքուկես ամիս առաջ, ավելի ճշգրիտ` հունիսի 19-ին, Հայաստանի արտգործնախարարությունը մի հայտարարություն էր տարածել, որում ոչ ավել, ոչ պակաս արձանագրել էր հետեւյալը. «Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար…»:

Պաշտոնական Երեւանն այդ օրը շեշտել էր, թե Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր` 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի, փաստել էր, որ Հայաստանն իր այս մոտեցումը գործնականում ապացուցել է Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ ու կոչ էր արել Ադրբեջանին` «վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային»:

Այնուհետեւ, ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ ու հավելել էր. «Սա գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Հիմա, ի՞նչ է փոխվել այս երեքուկես ամիսների ընթացքում: Նշանակալի քայլեր ադրբեջանական կողմից իրականացվե՞լ են, որոնք հիմքեր կտային, օրինակ Հայաստանի վարչապետին, որպեսզի նա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում հայտարարեր` «խաղաղությունն այնքան մոտ է, եւ մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել եւ վերցնել այն»:

Իրականում, գոյություն ունեին քայլեր, որոնց, եթե ադրբեջանական կողմը դիմեր` հնարավոր կլիներ թույլ հույսեր տածել, որ գուցե Բաքուն ձգտում է խաղաղության հաստատման: Օրինակ, եթե ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեին ՀՀ ինքնիշխան տարածքից, կամ` Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներն ազատ արձակվեին: Կամ, եթե ադրբեջանական իշխանությունները դադարեցնեին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններով համեմված ելույթներ ունենալ ու պահանջներ ներկայացնել մեր պետությանը` ինչ պետք է անենք, կամ ինչ չպետք է անենք…

Բայց ինչի՞ ականատեսն ենք մենք եղել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո… Բաքվի պահանջները չեն դադարում, իսկ Հայաստանն իրեն դրել է այնպիսի դրությամբ մեջ, կարծես` անելանելի վիճակ է, ստիպված ենք համակերպվել, հարմարվել ադրբեջանական քմահաճություններին:

Հայաստանի վարչապետը հայտարարում է` «խաղաղությունն այնքան մոտ է, եւ մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել եւ վերցնել այն», իսկ Ալիեւը քիչ անց հայտարարում է. «Ղարաբաղի եւ արեւելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այդ հողերը, ոգեւորությամբ եւ անհամբերությամբ են սպասում վերադարձի օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը: Վստահ եմ՝ նույն պատկերը կտեսնենք նաեւ Արեւմտյան Ադրբեջան վերադարձի ժամանակ»։

Նաեւ այս ամռանը Ադրբեջանի նախագահն Երեւանից պահանջել էր` «հստակ պատասխան տալ՝ ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արեւմտյան Ադրբեջանից, արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ»։

Իշխանական վերնախավում, առհասարակ, վերլուծություններ արվո՞ւմ են` հասկանալու, թե ինչ ենթատեքստերով ու ինչ հեռահար նպատակներով է Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում:

Թե՞ միակ կարեւոր գերնպատակը` որեւէ թղթի կտոր ստորագրելն ու դարակում պահելն է…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031