Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտադրումների փոփոխություն ՄԱԿ-ում ՀՀ-ի ուղերձներում

Հոկտեմբեր 04,2024 14:00

2018-ի սեպտեմբերի 26-ին Հայաստանի հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։ 2021-ից ի վեր աստիճանաբար փոխվեց միջազգային բարձր ամբիոնից Հայաստանի ասելիքը։

Մինչեւ 2020-ը՝ Փաշինյանը շեշտում էր Հայաստանի դերն աշխարհում՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման հարցում՝ մատնանշելով հայ խաղաղապահների տեղակայումը Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում եւ Մալիում։ Նույնանման հայտարարություններով Փաշինյանը հանդես եկավ նաեւ 2019 եւ 2020 թվականներին։

Իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հայերն «իսկապես համաշխարհային ազգ են, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ» ապա, հիշելով սիրիահայերին սպառնացող վտանգների եւ Հայոց ցեղասպանության մասին, մտահոգվում. «Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես… Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ՝ հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում եւ պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար»։

Արցախի Հանրապետություն, կարգավիճակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, խաղաղ գործընթաց։ Այսպիսի եզրույթներով էր վարչապետ Փաշինյանը խոսում արցախյան հիմնահարցի մասին։

Թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին նա պնդում էր, որ Ադրբեջանը պետք է երկխոսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության «հիմնական սուբյեկտի»՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Նա հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է Բաքուն հավակնություն ունենալ Արցախի նկատմամբ, եթե չի ցանկանում բանակցել նրա հետ։

«Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը»,- ասում էր վարչապետը։ Այստեղ նա չի մոռանում հիշատակել Նախիջեւանի հայերի ճակատագիրը, Արցախում դրա կրկնման եւ երկրորդ ցեղասպանության վտանգը։ «Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետեւաբար՝ Ղարաբաղը չպե՛տք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն», — 2018-ին ասել է Նիկոլ Փաշինյանը, 2019-ին էլ՝ «նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի»։

ԼՂ հակամարտությունը տարածքային վեճ չէ։ «Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց եւ իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում», — ասում էր նա։

Ըստ 2018 եւ 2019 թվականների Նիկոլ Փաշինյանի ուղերձների՝ հակամարտությունը կարող էր եւ պետք է կարգավորվեր միայն կողմերի փոխադարձ զիջումների եւ փոխադարձ հարգանքի միջոցով՝ խաղաղության, ոչ թե պատերազմի մթնոլորտում։

2019-ին Փաշինյանն ընդգծեց հակամարտության կարգավորման իր իսկ հեղինակած սկզբունքը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Վարչապետը հավատում էր, որ «դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռության հնարավորություն»։

Հատկանշական է, սակայն, որ վարչապետ նշանակվելու հաջորդ օրը՝ 2018-ի մայիսի 9-ին, Ստեփանակերտում տված ասուլիսի ժամանակ փոխզիջումների մասին հարցին Փաշինյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Քանի դեռ Ադրբեջանը օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն եւ բարձրաձայնում է Երեւանը, Զանգեզուրը, Սեւանը, Ստեփանակերտը նվաճելու իր մտադրության մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է»։

2019-ին Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ Արցախը իրավական առումով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը եւ ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային Միության վերականգնման գաղափարին»։

Այս խոսքերից մոտ երկու ամիս առաջ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հռչակել էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։

Փաշինյանն Արցախին անդրադարձավ նույնիսկ աշխարհի կայուն զարգացման մասին խոսելիս՝ շեշտելով, որ ԼՂ-ն պետք է անմասն չմնա կայուն զարգացման գործիքներից։

2019-ին Փաշինյանը կոշտ բառամթերքով կշտամբեց Թուրքիային. «Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության»։

Թուրքիային՝ որպես տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը վիժեցնող պետություն, վարչապետը ներկայացրեց նաեւ 2020-ին՝ նշելով. «Իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ, [Թուրքիան] ջանք չխնայեց լարվածությունը մեծացնելու ինչպես հարեւան տարածաշրջաններում,…այնպես էլ Հարավային Կովկասում»։

Մեր հարեւանի «մարտաշունչ կեցվածքի» առթիվ Փաշինյանն ասաց. «Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցում է ցեղային ավանդույթների, հակամարտությունների շահարկման, Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի եւ տարածաշրջանի համար»։

2018-ին, 2019-ին եւ 2020-ին Նիկոլ Փաշինյանը նաեւ ցեղասպանությունների բացառման մասին էր խոսում՝ 2020-ին հայտարարելով. «Ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջեւ` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը եւ նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից երկու օր առաջ ԳԱ 75-րդ նստաշրջանին ուղղված տեսաուղերձին նախորդել էին Տավուշի հուլիսյան մարտերը, որոնք, ըստ վարչապետ Փաշինյանի՝ «ի դերեւ հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը եւ հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտում էր առանց սահմանափակումների ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ընտրած իշխանությունների ներգրավումը բանակցային գործընթացում։

Ուղերձի՝ հակամարտությանը վերաբերող հատվածում հատուկ շեշտ կար ժողովրդավարության վրա։ «Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը եւ գնալ փոխզիջման», — հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, հավելում՝ «տասնամյակներ շարունակ Հայաստանը եւ հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը եւ մարդու իրավունքների համատարած խախտումներն»։

2021-ի սեպտեմբերին արդեն փոխվել էր ԼՂ հակամարտության ստատուս քվոն։ Թեեւ հայկական կողմը պարտվեց 44-օրյա պատերազմում, ՄԱԿ ԳԱ 76-րդ նատաշրջանի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձում դեռ ներառված էին «Արցախ» եւ «ինքնորոշում» եզրույթները։

Փոխարենն այլեւս չկային Թուրքիայի նկատմամբ կշտամբանքը, ցեղասպանություն վերապրած ազգ լինելու հանգամանքը, միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության փաստը։

Այդ տեսաուղերձում ամիսներ առաջ վերընտրված Փաշինյանը հայտարարեց` «Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման», ապա ավելացրեց` «միջազգային հանրությունն այս դեպքում եւս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որեւէ հայ չի ապրում եւ գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով եւ հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը», – հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Արցախում ռուս խաղաղապահներին Փաշինյանը «կայունության եւ անվտանգության ապահովման երաշխավոր» անվանեց։

Վարչապետը հիշեցրեց 2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատված եւ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան։

Փաշինյանը չէր մոռանում նաեւ խաղաղության դեմ ուղղված Բաքվի գործողություններից խոսել։ «Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման։ Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ»: Նա փաստում էր նաեւ գերիներին խոշտանգելու մասին. «Ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները»:

Միջազգային հանրությանը Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանը «հետեւեղականորեն առաջ է տանելու» տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հնարավորությունները, ինչը նրա կուսակցության նախընտրական ծրագրի գլխավոր կետերից էր։ Այս համատեքստում նա կարեւորեց տարածաշրջանային կապուղիների վերաբացումը։

2022-ի սեպտեմբերի 22-ին Փաշինյանի ուղերձից ընդամենն ինն օր առաջ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծեց։ Արդյունքում 224 զոհ ունեցանք։ 2022-ի ուղերձն արդեն գրեթե որեւէ նմանություն չուներ Հայաստանի վարչապետի 2018-ի, 2019-ի, 2020-ի ուղերձների հետ եւ քիչ նմանություն կար նույնիսկ 2021-ի ուղերձին։

Մեկ տարի առաջ նախընտրական շրջանում Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա խոստացող կուսակցության առաջնորդը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման փոխարեն խոսեց «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները եւ անվտանգությունը հասցեագրելու եւ երաշխավորելու» մասին։

Այնուամենայնիվ, նրա ելույթի օրակարգում հայ գերիների թեման դեռ ներառված էր։

Վարչապետն անդրադարձավ սեպտեմբերյան հարձակման ժամանակ ադրբեջանցիների պատերազմական հանցագործություններին. «Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը տարածվում եւ գովաբանվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից»:

Առաջին անգամ Երեւանը, թեեւ ոչ ուղիղ, խոսեց ՀԱՊԿ-ի անգործությունից։ «Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում»։

Նոր ագրեսիայի եւ տարածքների օկուպացիայի ռիսկը բարձր է մնում՝ ահազանգում էր Փաշինյանը եւ ընդգծում` այն պետք է կանխել։ «Իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է եւ շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար», – պնդում էր նա։

Իր խոսքով` Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ՀՀ-ն շաբաթներ անց Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ 2023-ին Փաշինյանը հայտարարեց` Ադրբեջանի տարածքը ներառում է նաեւ ԼՂ-ն), իսկ Բաքվից փոխադարձ հայտարարություն չի հնչել։

ՀՀ վարչապետը մատնանշում էր, թե ինչպես է Բաքուն Հայաստանի ողջ հարավն ու արեւելքը, մայրաքաղաք Երեւանն ադրբեջանական հող անվանում եւ օկուպացված պահում Հայաստանի «շոշափելի» տարածքներ։

«Այս կապակցությամբ ես պաշտոնական եւ հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետեւ կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը», – Նյու Յորքում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Թեեւ ադրբեջանցի պաշտոնյաներն այդպես էլ քարտեզ չհրապարակեցին, Փաշինյանը դա ինքն արեց այս տարի՝ իր հրապարակային ելույթներում ցուցադրելով ՀՀ թիթեղյա մակետը` չմոռանալով նաեւ Արծվաշենի մասին։

Խոսք հնչեց տարածաշրջանն ապաշրջափակելու հնարավորության մասին։ Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» մասին Փաշինյանը շեշտում էր` «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, եւ դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»։

2023 թվականի սեպտեմբերի 23-ին միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի ուղերձը 2018-ից ի վեր առաջին անգամ կատարեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Թեվ պաշտոնական տեղեկատվություն այդ մասին չի հրապարակվել, կարելի է ենթադրել, որ վարչապետ Փաշինյանը պատրաստվում էր Նյու Յորք մեկնել, սակայն Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված նա մնաց Երեւանում։

Եթե 2022-ի ելույթին նախորդել էր Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը, 2023-ի ելույթից չորս օր առաջ, 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, որի արդյունքում սկսվեց արցախահայության բռնի տեղահանումը։

Հայաստանի գլխավոր դիվանագետի ուղերձը միտված էր կանխելու Արցախի ամբողջական եւ վերջնական հայաթափումը։ «Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց», – տարակուսում էր Արարատ Միրզոյանը։

«Մինչ ես ելույթ եմ ունենում այսօր, Լեռնային Ղարաբաղի բնակչության 30 տոկոսը տեղահանված է…Ադրբեջանի կողմից սանձազերծված այս անմարդկային շրջափակման եւ ռազմական գործողությունների թակարդում հայտնված եւ իր գոյության սպառնալիքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռեւս հույս ունի, որ կանխարգելումը չի մնա լեզվական ձեւակերպում, այլ կվերածվի գործողությունների շղթայի… Ադրբեջանն, ի վերջո, պետք է հավատարիմ մնա իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող իր պարտավորություններին եւ ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի ազատությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների համաձայն»։

Էթնիկ զտումը կանխելու եւ «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հետ կապված հարցերը» հասցեագրելու համար Արարատ Միրզոյանը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը «հրամայական» էր որակում եւ այս համատեքստում նաեւ նշում` «պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ ռազմական ներկայացուցիչների եւ անձնակազմի դեմ պատժիչ գործողությունների բացառումը»։

Հատկանշական է, որ թեեւ Հայաստանն արդեն մոտ մեկ տարի է ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, Հայաստանի ԱԳ նախարարը պնդում էր` «միջազգային հանրությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական եւ իրավապահ մարմին, որպեսզի բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը, սադրանքներն ու էսկալացիան»։ Դիվանագետը խոսում էր ոչ միայն վերջին ռազմական հարձակման, այլեւ 2020-ի պատերազմի ժամանակ տեղահանված անձանց ԼՂ եւ հարակից շրջաններ վերադարձի մասին։ ՄԱԿ-ից մանդատ ստացած խաղաղապահ առաքելություն պետք է տեղայկայել ԼՂ-ում՝ հայտարարում էր պաշտոնական Երեւանի ներկայացուցիչը։ Տեղում մարդու իրավունքների, մարդասիրական եւ անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման եւ գնահատման նպատակով` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ էր համարում ԼՂ-ում ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելության տեղակայումը։

ՄԱԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ին մեկ օրով այցելեցին Արցախ։ Արձանագրեցին, որ ԼՂ-ում մնացել է 50–1000 էթնիկ հայ։ Զեկույցում խոսք չեղավ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման, խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման մասին։ Երեւանը չթաքցրեց իր դժգոհությունն այս այցի արդյունքներից։

Շեշտելով, որ ՀՀ-ն տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ջատագովն է` Արարատ Միրզոյանը անընդունելի որակեց արտատարածքային միջանցքի ադրբեջանական պահանջը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 2024 թվականի սեպտեմբերի 26, Նյու Յորք. «Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն: Մնում է անել հաջորդ քայլը եւ ստորագրել Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին», – սա արդեն անցնող շաբաթ էր:

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի բացմանը Նիկոլ Փաշինյանի խոսքում այլեւս ոչինչ չկար ռազմագերիների, Բաքվի հանցանքների, Հայաստանի տարածքաների օկուպացիայի կամ Արցախի մասին։

Վարչապետի խոսքում անգամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը առկա չէր։

Այսպիսով՝ միջազգային հանրությանը Հայաստանի ուղերձը այս տարիներին արմատական տրանսֆորմացիաների է ենթարկվել։

2018, 2019, 2020 թվակններին ՄԱԿ-ում Հայաստանը խոսում էր ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ԼՂ-ի` Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության, Թուրքիայի ապակառուցողական դերի եւ Հայոց ցեղասպանության հանգամանքը ժխտելու, Հայաստանի ռազմական հզորության մասին, այլեւ նշում, որ հայերը համաշխարհային ազգ են, մտահոգություն հայտնում Սիրիայի հայերի անվտանգության մասին, ընդգծում ՀՀ ներգրավվածությունը միջազգային խաղարար առաքելություններում։

2021-ին թեեւ ակնհայտ էր, որ իրողությունն այլեւս առաջվանը չէր, Նիկոլ Փաշինյանը դեռ խոսում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։

Իսկ 2022-ին եւ 2023-ին արդեն ինքնորոշումը փոխարինվել էր ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հասցեգրմամբ։

Այս տարի դա՛ էլ չկար։ Չկար անդրդադարձ ո՛չ Բաքվում պահվող հայ պատանդներին, ո՛չ հայկական օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը, ո՛չ էլ արցախահայության վերադարձի իրավունքին։ Վարչապետ Փաշինյանն ասաց, որ չի ուզում «որեւէ նեգատիվ, անհանգստացնող, հոռետեսական ուղերձներ հղել», քանի որ հայկական առածն ասում է` «լավ ասենք, որ լավ լինի»

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեղամ Մանուկյան says:

    Հարգանքներս: Մասնագիտական աշխատանք, որը երիտասարդ լրագրողի համար իրոք գնահատելի է: Հարգում եմ լրագրողին, որը գործ է անում, պրպտում է, կարդում, որ արժեքավոր նյութ գրի ու ոչ թե սղագրի ինչ որ մեկի ասածը: Հաույքով կկարդամ մյուս նյութերը: Ասեն ջան, բարի ընթացք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031