Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանի նկատմամբ դատարանը 20 միլիոն դրամի գրավ կիրառեց

Հոկտեմբեր 04,2024 13:30

Հոկտեմբերի 1-ին Երեւան քաղաքի քրեական դատարանում (Շենգավիթ նստավայր, դատավոր՝ Ս.Յուզբաշյան) շարունակվեց Նարեկ Սարգսյանի գործով դատական հերթական նիստը: Աշխատանքային ժամի ավարտից հետո նիստը տեւեց եւս երկու ժամ, քանի որ առարկություններ, դիրքորոշումներ ներկայացրեցին թե՛ հանրային մեղադրողը, թե՛ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ պարոն Սուքիասյանը, թե՛ պաշտպան Աննա Ծառուկյանն ու նրա պաշտպանյալ Նարեկ Սարգսյանը:

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչեւ 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում իր նախկին կնոջ՝ Տ. Ա. հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր՝ Լ. Ս. ներկայությամբ, բռնություն գործադրելով սպանել է կնոջը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Նարեկ Սարգսյանի նկատմամբ դատավոր Ս. Յուզբաշյանի կողմից կիրառվեց 20 միլիոն դրամի չափով գրավ, բացակայելու արգելք եւ տնային կալանք։

Դատավորը ներկայացրեց այն սահմանափակումները, որոնք պետք է իմանա Ն.Սարգսյանը՝ արտաքին աշխարհի հետ շփումները բացառվում են, այլ անձանց տանը հյուրընկալելը բացառվում է, նա պետք է շփվի բացառապես մերձավոր ազգակաների հետ, կարգելվեն հեռախոսային խոսակցությունները, չպետք է օգտվի առաքումներից, իսկ գրավն էլ երեք օրվա ընթացքում պետք է վճարվի դատարանի տրամադրած դեպոզիտ հաշվին:

Այնինչ մեղադրողը պահանջել էր եւս երեք ամսով կալանքի ժամկետը երկարացնել, պատճառաբանելով, որ հնարավոր է, ազատության մեջ գտնվելով, Սարգսյանը դիմի փախուստի, նրա հանցակազմում կան ցմահ դատապարտման ենթարկվողի հատկանիշներ… Դատախազը կարծիք հայտնեց, որ պետք է քննության առարկա դառնա մեղադրյալի վարքագիծը՝ ենթադրյալ արարքից հետո, երբ լքել էր դեպքի վայրը:

Այնուամենայնիվ, նոր բացահայտումների մասին տեղեկացանք այդ դատական նիստի ժամանակ:

Պաշտպանը ներկայացրել էր մի քանի հոգեբանական կենտրոններից տրված տեղեկանքներ թե՛ Սարգսյանի երեխայի հոգեվիճակի, թե՛ Նարեկի վերաբերյալ:

Տուժողի ներկայացուցիչը համարում էր, որ այդ տեղեկանքները ձեռք են բերվել ոչ իրավաչափ ճանապարհով:

Նախ, Նարեկ Սարգսյանին արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական բաժնի հոգեբանները տվել են տեղեկանք, համաձայն որի, Նարեկի մոտ երեխայի բացակայությունը հանգեցրել է սթրեսային վիճակի: Ի դեպ, հոգեբաններ Անահիտ Բադալյանի եւ Նորայր Գրիգորյանի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել այս տարվա մարտի 9-ին, ավագ հոգեբան Ն.Գրիգորյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Պաշտպան Աննա Ծառուկյանը հարցրեց՝ որտե՞ղ է երեւում, որ Նարեկի կողմից փաստաթուղթը ոչ իրավաչափ ձեւով ձեռք բերելու մասին տվյալ կա, կա՞ քրեական գործ հարուցված: Նշվեց, որ այս փաստաթուղթը շրջանառվել է քաղաքացիական գործերով դատարաններում:

Տուժողի ներկայացուցիչը երեխային «Ժեստ» հոգեբանական կենտրոնից տրված տեղեկանքի կապակցությամբ հայտնեց, թե այդ կենտրոնը լիզենզիա չունի, եւ ինքը հանցագործության մասին հաղորդումով հանդես կգա:

Այս կենտրոնը նկատել էր, որ երեխան, երբ ծարավում է, հաճախ կոկորդն է ցույց տալիս (նախաքննական մարմինը խեղդամահ անելու հանգամանքն է շեշտում, երեխայի վարքագիծը դրա ցուցիչ համարելով-Ռ.Մ.)

Ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այս նիստին մասնակցում էր կարեւորագույն վկան՝ մանեկենը, որի մարմնի տարբեր տեղերը ցույց տալով պաշտպանը երբեմն -երբեմն նշում էր, որ փորձագետները չեն կարողացել ներկայացնել կատարված սպանության, դիակի վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիա:

Դեռ նախորդ նիստին իմ հարցին, թէ ի՞նչ են ուզում մանեկենի միջոցով փոխանցել, պաշտպանն ասել էր. «Մանեկենը դատարան տարա, որպեսզի ապացուցեմ մեղադրանքի հիմքում ընկած նկարագրությունն այնպիսի սարսափելի տեսք չունի, ինչպես ներկայացվում է, տպավորություն է, թե տուժողը սարսափելի խոշտանգվել է: Կան քերծվածքներ, կոնկրետ տրամաչափի, սանտիմետրերով, կան քերծվածքներ, որոնք այլ վաղեմության են, դեպքի օրվա վաղեմության չեն: Դա նաեւ իմ դատաբժշկի կարծիքն է, որի՝ որպես փորձագետի կարծիքն այսօր ներկայացվել է դատարան: Եթե տեսնում եք, մանեկենի վրա տարբեր գույների բաժանումներ կան, երեք գույն, որը տարանջատել է հստակ վաղեմությունը: Կան դիահերձման ժամանակ արված նկարներ, կան քերծվածքներ, կապտուկներ, որոնք նկարների մեջ չենք տեսնում»:

Պաշտպանը կասկածի տակ դրեց առհասարակ դեպքի վայրը, որտեղ կատարվել է սպանությունը, նշեց, որ նախաքննական մարմինը քայլ չի կատարել այդ օրը տնից գողացված մեծ գումարի բացահայտման ուղղությամբ. «Հերքվում է դեպքը, թե տեղի է ունեցել, հարց ենք ուզում տալ՝ դիակը շարժե՞լ եք, թե՞ ոչ»:

Ն. Սարգսյանն ասաց, որ ինքը պահանջում է համալիր փորձաքննություն, ու դրանով ամեն բան կպարզվի: Նա ասաց, որ հաճախ լռում է. «Իրականում այն չէ, որ կատարվածը մնա ինձ վրա»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031