Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համազգային ու համաեկեղեցական կարեւորագույն այդ իրադարձությանը անհրաժեշտ մակարդակով չմասնակցեցին Հայ Եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից երկուսը. «Ազգ»

Հոկտեմբեր 04,2024 09:02

Մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողությունների իրարանցման մեջ, մանավանդ՝ Եկեղեցի-Իշխանություն հարաբերությունների լարվածության պամաններում, մեր մամուլի ու հետեւաբար հանրության ուշադրությունից վրիպեց բացասական ու ցավալի մեկ այլ երեւույթ, ավելի ստույգ՝ անմիաբանության արարք, այս անգամ հենց Հայ Եկեղեցու ներսում ու ներսից:  Համազգային ու համաեկեղեցական կարեւորագույն այդ իրադարձությանը անհրաժեշտ մակարդակով չմասնակցեցին Հայ Եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից երկուսը՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը եւ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, մինչ Թուրքիո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանն անձամբ էր ներկա, Ռուս Ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Սպիրիտոն արքեպիսկոպոսի, Վատիկանի ներկայացուցիչ՝ բարձրաստիճան զույգ կարդինալների, ինչպես նաեւ քույր որոշ եկեղեցիների ներկայացուցիչների կողքին, բացառությամբ, ի դեպ, Վրաց եկեղեցու, որը դեռ Վազգեն Հայրապետի օրերից բարդույթավորված է Ս. Էջմիածնի նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմին եւ Անթիլիասին, առաջինը ներկայացված էր Թեոդորոս, իսկ երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քուվեյթի թեմի առաջնորդ Մեսրոպ Սրբազաններով, ինչը դիվանագիտական լեզվով ասած՝ հարաբերությունների մակարդակը ցածր պահել է նշանակում:

Ս. Էջմիածնի Մայր տաճարը, կարիք չկա բացատրելու, ոգեղինացած մեր Արարատն է, առաջին վկան պետականորեն մեր ընդունած քրիստոնեության, միաժամանակ՝ խորհրդանիշը մեր ազգային մեկության ու միասնականության: Նրա հիմնանորոգումը, չհաշված 1629-1653 թթ.ին Մովսես Գ Տաթեւացի եւ Փիլիպոս Աղբակեցի հայրապետների կողմից զանգակատան կառուցումը, 17 դարերի շղթայի ամենակարեւոր օղակներից մեկն է հանդիսանում: Հետեւաբար նրա վերաօծումը այն դեպքը չէր, որից կարելի էր բացակայել: Բացակայելը նշանակում է անմասն մնալ եւ անհաղորդ՝ մեկության եւ միության գաղափարին, որը կարող էր, այլապես, վերամիավորման գործընթացի վերածվել եւ սկիզբ դնել 1956 թ.ին աշխարհաքաղաքական հակամարտությունների հետեւանքով առաջացած պառակտիչ ու զավթիչ գործողությունների չեզոքացմանը, ավանդական կարգուկանոնի վերահաստատմանը, ինչպես նաեւ, նկատի ունենալով Հայկական Երուսաղեմը, կենտրոնախույս քաղաքականությանը:

Պատճառաբանություններ միշտ էլ կարելի է բերել,- Արամ Ա Կաթողիկոսը հովվական այցով գտնվում էր Մ. Նահանգներում, իսկ Նուրհան Պատրիարքը՝ հրեա ծայրահեղականների ոտնձգությունների դեմ ամենօրյա պայքարում: Սակայն դրանք ոչ համոզիչ ու ոչ էլ ընդունելի են ընդամենը երկօրյա այցից խուսափելու համար: Մանավանդ այս օրերին, երբ մեր հայրենիքն ու պետությունը, ներառյալ Եկեղեցին, գտնվում են ճակատագրական սպառնալիքների դիմաց, եւ ներազգային հոգեւոր ու քաղաքական միությունը հրամայական պահանջն է մեր ժողովրդի փորձառության:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031