Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «գծած սցենարների» օբյե՞կտ է

Հոկտեմբեր 04,2024 10:00

Մեծ տերությունները, տարածաշրջանային պետությունները, ինչպես նաեւ մեր նման երկրները մշտապես գծում են ինչ-որ սցենարներ, որոնք ունենում են որոշակի հետեւանքներ: Այդ հետեւանքները երբեք 100 տոկոսով չեն համապատասխանում խաղացողներից մեկի սցենարին, որովհետեւ բոլոր խաղացողների շահերը չեն կարող 100 տոկոսով համընկնել: Օրինակ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, եւ մեզ հասավ այդ փլուզված պետության 7-րդ բանակի, իսկ Ադրբեջանին՝ 4-րդ բանակի գույքը (երկրորդն, ի դեպ, իր քանակով զգալիորեն գերազանցում էր առաջինը), դժվար թե որեւէ մեկը, բացի մեզնից, «սցենար գծեր», որ մենք կազատագրենք Արցախը: Հակառակը պնդելը մաքուր ճակատագրապաշտություն կլիներ:

Ենթադրենք, Ռուսաստանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին, գծել էին 44-օրյա պատերազմի սցենարը, ինչի մասին վերջերս ակնարկել է վարչապետ Փաշինյանը: Հակված եմ մտածել, որ այդպես էլ կա: Արդյոք 2018-20 թվականներին դրա մասին հայտնի՞ էր Հայաստանի ղեկավարությանը: Եթե հայտնի չէր, վատ է՝ ուրեմն դիվանագիտական եւ այլ, «ոչ պաշտոնական խողովակները» չէին աշխատում: Եթե հայտնի էր, եւ ոչ մի բան չի ձեռնարկվել, դարձյալ վատ է. իշխանությունների՝ արտաքին քաղաքականությունը բացարձակապես ուղղված չէր այդ դավադրությունը բացահայտելուն կամ կանխելուն:

Ստացվում է, որ մենք որեւէ լծակ չունենք աղետալի սցենարները կանխելու: Դա ողբալի է, որովհետեւ վերոհիշյալ եռյակն, ըստ ամենայնի, «գծել է սցենար»՝ մեր տարածքով, բայց մեր վերահսկողությունից դուրս «միջանցք» բացելու: Հնարավոր է, նաեւ «սցենարներ» կան՝ 300 հազար ադրբեջանցիների՝ «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» կամ «անկլավները» հանձնելու: Եթե այդ սցենարների իրականացմանը Հայաստան պետությունը չի կարող խոչընդոտել, ապա մեր ինքնիշխանության մասին խոսակցությունները, մեղմ ասած, տեղին չեն:

Ախ, հա, մոռացա՝ «ժողովուրդն» է այսպես ուզում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031