Եթե Հռոմի ստատուտը Հայաստանը վավերացրել էր ադրբեջանցիներին իրենց կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, ապա պարտադիր գործնական քայլեր պետք է տեսնեինք վավերացումից հետո, ինչը չենք տեսնում: Aravot.am-ին ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը:
«Հարգելիս կամ ոչ հարգելիս, տեր կանգնեք ձեր իսկ խոստումին… թե ինչ են իրենք մտածում, ում հետ ինչ եղբայրություն են անում,իրենք շատ լավ գիտեն: Ժողովուրդը հուսահատության, հուսախաբության ճիրաններում է, որովհետեւ այդ ժողովրդին, այդ թվում նաեւ զոհվածների ծնողներին թե’ նախկին, թե’ ներկա իշխանություններն օգտագործում են՝ երբ իրենց պետք է: Մենք ոչինչ չենք տեսնում հօգուտ մեր շահերին: Բոլոր լծակներն իշխանությունների ձեռքում են, ոչ մեկ ոչինչ չի կարողանում անել, որովհետեւ ոստիկանական ողջ համակարգը շրջապատած պաշտպանում է»:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նույնպես ահազանգել էր,
որ «ժողովրդավարական իշխանությունը ժողովրդավարական խորհրդարանում մեր ժողովրդին ներկայացրեց, որ հրատապորեն վավերացնում ենք Հռոմի ստատուտը, որ ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկենք, բայց վավերացումից ուղիղ մեկ տարի անց ոչ մի դիմում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված չէ»:
«Ես մի հարց ունեմ տալու: Եթե միջազգային հանրությունը, գերտերությունները չէին ընդունում Արցախը ՀՀ կազմում կամ որպես անկախ պետություն, 30 տարի ինչու էին մեզ խաբեությամբ պահում: Եվ ներկա իշխանություններին եմ տալիս նման հարց՝ եթե Արցախը Հայաստան չէր, չնայած պնդում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչ գործ ունեին մեր զավակները Արցախում: Բոլոր ժամանակներում իշխանությունը ժողովրդին բարեկամ չի եղել ո՛չ նախկինում, ո՛չ ներկայումս: Ժողովուրդը զոհ է, միամիտ, ինչ կարող եմ սրանից ավելին ասել: Պեպոյի մեջ է, չէ՞, որ ասում էր՝ դիփ խաբում են ու խաբում, հիմա նույն բանը պիտի ասեմ՝ այո՛, դիփ խաբում են ու խաբում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ