ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Տիկի’ն նախագահ,
ԵԱՀԿ-ի հիմնական մանդատներից մեկը եղել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման կենսունակ շրջանակի ապահովումը: Ցավոք, այդ ջանքերը բավարար չեն եղել տեւական խաղաղություն հաստատելու համար, եւ մեր տարածաշրջանն անցել է 30 տարվա պատերազմի եւ ավերածությունների միջով: Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ ռազմագերիների խնդիրն արտացոլում են մեր առջեւ ծառացած դաժան իրականությունը:
Այս վեհաժողովն ականատես է եղել այդ ամենին` ծառայելով որպես հարթակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանավեճերի ու բախումների համար: Բայց այսօր ես այստեղ եմ հակամարտության այս երկար պատմության էջը շրջելու ցանկությամբ: Ես եկել եմ զգուշավոր լավատեսության ուղերձով, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը սոսկ հեռավոր հույս չէ. այն հնարավոր է, այն հասանելի է մեզ:
Կարդացեք նաև
Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը` սահմանագծման գործընթացի հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը: Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, եւ մենք ակնկալում ենք, որ այն կվավերացվի խորհրդարանի կողմից առաջիկա շաբաթների ընթացքում:
Այն, ինչ հիմա պահանջվում է, հաջորդ` վճռական քայլն է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Երկու երկրների առաջնորդները հաստատել են, որ համաձայնագրի նախագիծը մեծամասամբ համաձայնեցված է, եւ Հայաստանը նախաձեռնություն է ցուցաբերել` առաջարկելով ստորագրել արդեն համաձայնեցված հոդվածները: Դա կարեւոր քայլ կլինի մնացած վիճելի հարցերի լուծման ճանապարհին: Ինչպես այսօր ավելի վաղ ասաց Իռլանդիայի նախկին վարչապետ Բերտի Ահերնը. «Խաղաղությունն իրադարձություն չէ, այն գործընթաց է»:
Բացի այդ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկմանը` յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման հիմքով: Մենք ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի:
Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն: Ցավոք, մենք շարունակում ենք տեսնել այդ երկրի կողմից նոր պահանջներ եւ սպառնալիքներ: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ բաց թողնել այս հնարավորությունը:
Ահա թե ինչու, սիրելի’ գործընկերներ, մենք ակնկալում ենք ձեր եւ ձեր կառավարությունների շարունակական աջակցությունը: Պահպանելով ձեր ուշադրությունը Հարավային Կովկասի վրա, չնայած գլոբալ ճգնաժամի մարտահրավերներին, դուք կարող եք օգնել ապահովել ամուր եւ տեւական խաղաղություն:
Շնորհակալություն»,- ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:
Ազգային ժողով