Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.
«Այսօր առաջին կուրսի ուսանողուհին, տեսանելի ցավի զգացումով, նշեց հետևյալ միտքը․ «Սահմանադրական դատարանը վերացրել է անկախության հռչակագիրը, այն դարձրել է պատմական փաստաթուղթ»։
Ուսանողներին առաջարկում եմ վերընթերցել 2020թ․ հրատարակված հոդվածը, որում առկա են հետևյալ թեզերը․
Թեզ 1․ Անկախության հռչակագրի ճակատագիրն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից (կամ որևէ դատարանի քաղաքական դիրքորոշումից՝ ավելացում հոդվածին): Սահմանադրությունները, այդ թվում՝ նրանց նախաբանները (կամ որևէ դատարանի դիրքորոշում՝ ավելացում) փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), իսկ Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է:
Կարդացեք նաև
Թեզ 2․ Չկա Անկախության հռչակագրի ուժը դադարեցնելու ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ հնարավորություն։ Այն նորմատիվ իրավական ակտ չէ, այն վերնորմատիվային ակտ է․․․։
Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է), դադարում է գոյություն ունենալ։ Իսկ պետության անկումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երիտասարդության գիտակցության խորքերում ներդրվի և ամրապնդվի Անկախության հռչակագրի դադարեցման մասին գաղափարը, եթե Հռչակագրի «մահվան» մասին գաղափարը վերածվի նրա ներքին-զգայական իրավունքի (կանոնի)։
Այսպիսով՝ որևէ մարմին, անկախ նրա որոշումներից և քաղաքական դիրքորոշումներից, ՈՒՆԱԿ ՉԷ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն, իսկ երիտասարդությունը, իր հերթին, իր գիտակցության մեջ պահում և ամրապնդում է Անկախության հռչակագրի իրավաբանական ուժի և արժեքի օբյեկտիվ գոյության մասին պահանջը»։